• Fri. Apr 23rd, 2021

Ոստիկանությանը դաժանություն վերագրելը չի տեղավորվում առողջ տրամաբանության մեջ

«Այսօր ոստիկանությանը դաժանություն վերագրելը կարծես չի տեղավորվում առողջ տրամաբանության մեջ՝ այն պարզ պատճառով, որ երևի թե այսքան թավշյա ոստիկանություն երբևիցե չենք ունեցել»,- ասաց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը՝ անդրադառնալով ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի որակումներին՝ ուղղված ոստիկանությանը, և հիշեցնելով ոստիկանության այն բազմաթիվ բռնությունները, որ գործադրվել են նախորդ տասնամյակներին:

Նրա խոսքով՝ ժողովրդավարությունը պահանջում է պաշտպանել այդ ժողովրդավարությունը, և այդ գործառույթն իրականացնում են օրինապահ մարմինները. «Եթե նրանք լավ չիրականացնեն այդ գործառույթը, ես կարծում եմ, որ չեն բացառվի դեպքեր, երբ ցուցարարները սկսեն բռնություններ գործադրել: Ցավոք, մենք նման փորձեր ունեցել ենք: Ուստի ես կարծում եմ, որ ոստիկանությունը պետք է ավելի աննկուն լինի իր առաքելության մեջ և ցանկացած սադրանք կամ բռնության որևէ սպառնալիք կանխարգելի»:

Նա հույս հայտնեց, որ իրավապահները կդիմեն համարժեք գործողությունների բողոքի ակցիայի մասնակիցների կողմից «Ազատություն» ռադիոկայանի օպերատորի և լրագրողի վրա հարձակման համար. «Եթե սա երկրորդն է, ապա չի բացառվում նաև երրորդը, և չեն բացառվում նաև այլ լրատվամիջոցների և նրանց ներկայացուցիչների նկատմամբ բռնությունները: Ես կրկնում եմ՝ ոստիկանությունը պետք է կանխարգելի, ոչ թե սպասի, որ դեպքը տեղի ունենա, հետո գնա հետևանքներից հետևից»:

Քաղաքագետը կարծում է, որ 16+ ուժերը ցանկանում են կիրառել Նիկոլ Փաշինյանի պրակտիկան, բայց նրանք չունեն այն ժողովրդական աջակցությունը, որն ուներ Նիկոլ Փաշինյանը 2018-ին. «Չէ՞ որ ճնշողը ժողովուրդն էր: Այնպես որ, նրանց համեմատությունները համադրելի չեն»: