• Thu. Apr 22nd, 2021

Օնիկ Գասպարյանը չի կարող բանակը հանել ժողովրդի դեմ. ես դա թույլ չեմ տա. Փաշինյան

Զինված ուժերի հետ կապված այս իրավիճակը պետք է հանգուցալուծվի: Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես այսօր Հանրապետության նախագահի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, և ասել եմ՝ ինքը պարզապես իմ ներկայացրած միջնորդությունը պետք է ստորագրի: Եթե հանրապետության նախագահը այդ միջնորդությունը չի ստորագրում, այսինքն՝ ի՞նչ, միանու՞մ է պետական հեղաշրջմանը:Շատ պարզ ընտրություն է»:

Երկրորդ տարբերակն էլ, ըստ Փաշինյանի, Օնիկ Գասպարյանի հրաժարականն է: « Օնիկ Գասպարյանը, որին ես նշանակել եմ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, որին ես շնորհել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, որին ես շնորհել եմ իմ միջնորդությամբ գեներալ-գնդապետի կոչում, որին ես պատերազմի ընթացքում վերաբերվել եմ հարյուր տոկոս վստահությամբ, հիմա հետահայաց հասկանում եմ, որ շատ դրվագներում այդքան էլ ճիշտ չեմ վերաբերվել, ճիշտ չեմ վարվել, որ հարյուր տոկոսով վստահությամբ եմ վերաբերվել: Կամ Օնիկ Գասպարյանը ինքը թող ուղղակի դիմում գրի, հրաժարական տա, գնա, այս ժողովրդին պետք չի անընդհատ ցնցումների ենթարկել: Պետք չի, Օնիկ ջան»:

Վարչապետն ընդգծեց՝ թույլ չի տա բանակը հանել ժողովրդի դեմ: «Զինված ուժերը, նաև այն մարդիկ, ովքեր ստորագրել են հայտարարությունը, զբաղվում են Հայաստանի սահմանների, մեր հայրենիքի սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հեռանում է, կամ նախագահն է ստորագրում հրամանագիրը, կամ ինքը հայտարարում է իր հրաժարականի մասին, որովհետև ինքը չի կարող բանակը հանի ժողովրդի դեմ:Ես թույլ չեմ տա դա»: