• Fri. Apr 23rd, 2021

Բաքվի դիրքորոշումը Ռուսաստանի համաձայնությամբ շանտաժ ու Վանեցյանի անձնական կապերը

Բաքվի ղեկավար Ալիևը արտերկրի լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե Բաքուն վերադարձրել է հայ գերիներին, իսկ ովքեր մնում են Ադրբեջանում՝ գերի չեն, այլ ահաբեկիչ և դիվերսանտ: Ալիևը ակնհայտորեն բարձրացնում է հարցի քաղաքական գինը, ինչի վկայությունն է այն, թե «ցանկացած շահարկում Հայաստանի կամ այլոց կողմից տեղին չէ»:

Որ Ալիևը հիշատակում է հարցի առանցքային շահառուին՝ Հայաստանին, պարզ է, հասկանալի, իսկ ինչ է նշանակում՝ «այլոց կողմից տեղին չէ»: Իսկ էլ ո՞վ է, ըստ Ալիևի, որ «շահարկում» է: Շահարկողը, իհարկե, հենց Ադրբեջանն է, և այդ հարցում նրան հովանավորողները, բայց հասկանանք նրա քաղաքական հայտարարության իմաստը, է՞լ ով է «շահարկում»: Արդյո՞ք այն միջազգային կազմակերպություններն ու սուբյեկտները, այն տերությունները, որոնք վերջին օրերին բավականին հաճախ սկսեցին խոսել գերիների վերադարձի մասին և պահանջել Ադրբեջանից լուծել այդ հարցը:

Եթե նոյեմբերի 9-ին հաջորդած շրջանում այդ հարցը հիմնականում շոշափվում էր այսպես ասած եռակողմ տիրույթում, ապա վերջին մեկ-երկու շաբաթներին հարցին անդրադարձել են մի շարք կազմակերպություններ, Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիան, ԱՄՆ-ն: Արդյո՞ք դա է պատճառը, որ Ալիևը «բարձրացնում» է հարցի գինը, քանի որ հարցը միջազգայնանալով՝ նրան կարող է զրկել անգամ մինչ այդ եղած քաղաքական դիվիդենտի ակնկալիքից, որ ուներ խնդիր, այսպես ասած, ՌԴ հետ «մոնոպոլ» քննարկելու հնարավորության դեպքում: Արդյո՞ք «այլ շահարկողները» կամ պարզապես միջազգային հանրությունը խանգարում են հայ գերիների հարցում եռակողմ համաձայնագրի «կնքահայր» Ռուսաստանի և Բաքվի, կամ Բաքվի «կնքահայր» Թուրքիայի միջև հանդարտ սակարկությանը:

Այլ կերպ ասած, Բաքվի դիրքորոշումը կարող է լինել նաև Ռուսաստանի համաձայնությամբ շանտաժ, որի միջոցով Մոսկվան փորձում է հեռու պահել հարցը ավելորդ միջամտությունից և իր հերթին պահպանել դրա շուրջ արդեն, թերևս, հայկական կողմին պայմաններ թելադրելու հնարավորությունից: Իրավիճակը իսկապես բավականին բարդ է, բազմաշերտ, միարժեք գնահատականները կամ ենթադրությունները, իհարկե, հարաբերական են, այդուհանդերձ ակնառու է մի բան, որ չնայած հայտարարությանը, թե ՌԴ-ն այդ հարցով զբաղվում է Պուտինի մակարդակով, հարցը չի շարժվում տեղից, և Ալիևն անգամ հայտարարում է կոշտացման մասին: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ այդ հայտարարությունը հնչում է նաև Հայաստանում արմատական ընդդիմության գործողությունների առավել կոշտացմանը զուգահեռ, որ տեղի է ունենում լարման աննախադեպ դրսևորումներով, ինչին, մասնավորապես, ականատես եղանք փետրվարի 25-ին:

Ի դեպ, փետրվարի 26-ին էլ բավականին ուշագրավ հայտարարություն է արել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը: Նա հայտարարել է, թե իր իշխանության գալու դեպքում գերիների վերադարձը լինելու է մի քանի օրվա հարց: Լրագրողների հարցին, թե ինչպես, Վանեցյանը պատասխանել է, թե անձնական կապերի շնորհիվ: Սա շատ հետաքրքիր հայտարարություն է, որը, եթե պարզապես քաղաքական դիվիդենտի պարզունակ ակնկալիքով դատարկախոսություն չէ, ապա իր մեջ պարունակում է ուշագրավ տողատակ: Եթե Վանեցյանի անձնական կապերը կարող են օրերի ընթացքում լուծել հարցը, ապա առաջանում է հարց՝ ո՞ր ուղղությամբ անձնական կապերը, Ռուսաստանի՞, թե՞ Ադրբեջանի:

Ստացվում է, որ կան մարդիկ, որոնք կարող են հարցը լուծել, բայց չեն լուծում, որովհետև դա չի համապատասխանում քաղաքական իրողություններին: Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են: Եթե հարցը Հայաստանի ընդդիմության համար կարող է լինել քաղաքական կոնյունկտուրայի ենթակա, ապա որևէ կերպ պետք չէ զարմանալ, եթե այն այդպիսին է նաև թշնամու համար: