• Fri. Apr 23rd, 2021

Զարգացումներում մեծ դեր ունի Ռուսաստանը։ Սա հենց Ռուսաստանի գործոնն է

ԶՈՒ գլխավոր շտաբի կազմի հայտարարությունն իրականում հեղաշրջման փորձ էլ չի: Այդ մասին նշեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Պարզապես մեր գեներալները տեղյակ չեն մեր Սահմանադրության դրույթներին, իրենք պետք է իմանային, որ վերադասից բողոքելու դեպքում դիմում են նրա վերադասին, ինչպես զինվորական կանոնանդրության մեջ է: Այսինքն՝ եթե իրենք դժգոհ են վարչապետի և կառավարության աշխատանքից, պետք է դիմեին վարչապետի և կառավարության վերադասին, այն է՝ ԱԺ-ին: Հայաստանը սուպերխորհրդարանական պետություն է, քաղաքական բոլոր պաշտոնյաները նշանակվում են ԱԺ կողմից, այդ թվում՝ ՀՀ վարչապետը, հետևաբար՝ իրենց այդ հայտարարությունը պետք է սկսվեր նրանով, որ դիմեին ԱԺ նախագահին ու ասեին. «ԱԺ հարգելի նախագահ, մենք խնդրում ենք քննարկել և ելք գտնել, ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհներ գտնենք, որովհետև մենք ինքներս չենք կարող զբաղվել քաղաքականությամբ, սպասում ենք հրամանի»,- ասաց Ազատ Արշակյանը:

Բացի դրանից, ըստ նրա, վարչապետը և կառավարությունը նույնպես պետք է դիմեին իրենց գործատուին՝ ԱԺ-ին, և քանի որ անհրաժեշտ էր ցույց տալ ուժ, այդ հանրահավաքը անցկացնեին ԱԺ մերձակայքում. «Արտահերթ նիստի ժամանակ պատգամավորները դուրս նայեին պատուհաններից և տեսնեին, որ հարյուրհազարավոր հոգի սպասում է իրենց որոշման։ Բայց դեռ ուշ չէ, դա հարկավոր է նորից անել, եթե կողմերը մտքները չեն փոխել, ուրեմն պետք է այդպես անեն, երկու կողմն էլ դիմեն ՀՀ ամենաբարձր լեգիտիմություն և մանդատ ունեցող մարմնին՝ ԱԺ-ին»:

Ազատ Արշակյանը համոզված է, որ այս զարգացումներում մեծ դեր ունի Ռուսաստանը։ «Սա հենց Ռուսաստանի գործոնն է, Հայաստանում ոչինչ չի կատարվում՝ լավ կամ վատ բան, կամ անհեթեթ ինչ-որ բան՝ առանց ՌԴ մասնակցության: Նրանք առնվազն օգտագործել են դա, կարծում եմ՝ նախաձեռնել են, կարգավորել են և վերահսկել են ամբողջ պրոցեսը։ Ռուսական մամուլը պատահական չէր այդպես արձագանքում»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով արցախյան վերջին պատերազմին, Ազատ Արշակյանը վստահություն հայտնեց, որ այն շատ ծանր հետևանքներ է ունենալու ռուսական իմպերիայի համար. «Ճիշտ այնպես, ինչպես 1905 թվականի Ճապոնիայից կրած պարտությունը, Ղրիմի պարտությունը, Ղարաբաղյան պատերազմում նրա կրած պարտությունը հետևանքներ կունենա։ Եթե Հայաստանի 3 միլիոնանոց բնակչությունը երեք միլիոնանոց ցավ զգաց, ՌԴ-ն երեք միլիոնանոց ցավ ու կորուստ է ունենալու։ Սա չափազանց մեծ հակագովազդ էր ՌԴ զինված ուժերի կանոնակարգի, սպառազինության, տեխնիկայի, զինամթերքի, կառավարման առումներով: Սա գերհզոր հակագովազդ էր, որ ռուսական զինված ուժերը ժամանակակից չեն, ռուսական սպառազինությունը արդիական չէ, երկրորդ կարգի պետության՝ Թուրքիայի զինված ուժերը կործանում են ռուսական ԶՈՒ-ին: Ռուսաստանի իշխանությունները շատ թանկ են վճարելու դրա համար, և զինվորականների այս ակցիան տագնապի առաջին նշաններն են»:

Ազատ Արշակյանի խոսքերով՝ ՌԴ-ն հասկացել է և անցել է ինքնապաշտպանության, բայց սխալ տեղից է սկսել պաշտպանվել. «Նա պետք է շատ արագ վերականգներ Հայկական բանակի մարտական պոտենցիալը և սադրեր ու կազմակերպեր ռևանշ, այդ դեպքում իր պատասխանատվությունը մեղմ կլիներ: Հիմա իր պատասխանատվությունը ծանր է լինելու ոչ թե հայ ժողովրդի, այլ հենց իր ժողովրդի առաջ: Հավատարիմ դաշնակցի պարտությունն իր պարտություն էր։ Սա ինքնապաշտպանական թույլ ակցիա էր, տուժածին, լքվածին, զոհին մեղադրել և պատժել զոհը, տուժածը և լքվածը լինելու համար: Մեղավորը մեղքը գցում է անմեղի վրա»:

Նախկին պատգամավորը համոզված է, որ Ռուսաստանի նպատակը Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությունը չէր. «Նրանց հարմար է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բոլոր առումներով: Իրենք են անհարմար, իրենք են ձախողված, ՌԴ տնտեսական, ֆինանսական, քաղաքական իրավիճակը աղետալի է, իրենցից է գալիս աղետը: Նիկոլ Փաշինյանը չլիներ, ուրիշ մեկը լիներ, իրենց կառավարման համակարգում մաքուր լճացում է: Կոպիտ սխալ էր Հայաստանի հետ այդպես վարվելը, իրենք պետք է վերանայեն իրենց քաղաքականությունը ներսում, դրսում իր դաշնակիցների և մյուսների հետ։ Ռուսաստանում պերեստրոյկա է պետք»: