«Հայաստանից գնալը սպորտսմենի իրավունքն է, որոշել է, գնում է»,- այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ մեկնաբանելով շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ Հայաստանը լքելու որոշումը։
«Շատ եմ ցավում, որ Արոնյանը նման որոշում է կայացրել, շատ բարձր եմ գնահատում իր շախմատային նվաճումները: Մենք բոլորս հպարտացել ենք իր նվաճումներով: Զարմացած եմ, որ նման որոշում է կայացրել մեր լավ շախմատիստը, ուրախ կլինեմ, որ վերանայի իր որոշումը: Ես միայն կարող եմ մեկ բան փաստել. չկա մի պաշտոնական պարտավորություն Արոնյանի նկատմամբ, որ նախարարությունը չի կատարել կամ հրաժարվել է կատարելուց: Դա իր կարծիքն է, մեր մասով ոլորտի բոլոր պարտավորությունները կատարված, նույնիսկ գերակատարված են»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ շախմատի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հայաստանը լքելու ու ԱՄՆ շախմատիստների թիմակիցը դառնալու որոշման մասին հայտնել էր այսօր իր ֆեյսբուքյան էջի միջոցով: