• Fri. Apr 23rd, 2021

Ա․ Միրզոյանը հանդիպել է Ա․ Սարգսյանին, վերջինս կհանդիպի ԳՇ պետի և ԱԺ խմբակցությունների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

«Կողմերը քննարկել են խորհրդարանի եւ նախագահի դերը առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում»,- ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ երեկ ԳՇ-ի հայտարարությունից հետո Արմեն Սարգսյանը հանդիպում է սկսել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

Երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Վարչապետն այս հայտարարությունը հեղաշրջման փորձ որակեց և կոչ արեց քաղաքացիներին հավաքվել Հանրապետության հրապարակում: Նա նշեց, որ ինքն աշխատանքից ազատելու 2 որոշում է կայացրել, որոնցից մեկը՝ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի ազատման որոշումը նախագահը հաստատել է, համապատասխան հրամանագիրը կա, իսկ մյուսով վարչապետը որոշել է աշխատանքից հեռացնել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:

Երեկ տեղի ունեցավ իշխանության աջակիցների հանրահավաք, որին հաջորդեց երթ, վարչապետը հայտարարեց, որ վերջ է դրվում թավիշին:

Նախագահը, ըստ սահմանադրության, 3 օր ունի՝ հրամանագիրը ստորագրելու և ազատումը հաստատելու կամ չեղարկելու համար: