• Fri. Apr 23rd, 2021

Պագոնները թող հանի, ինչ ուզում է անի, մասնակցի որպես քաղաքացի

Արցախի երեք խորհրդարանական ուժեր՝ ՀՅԴ, «Արդարություն» և Արցախի Ժողովրդավարական կուսակցությունները ողջունում են Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով:

Ավելին՝ նրանք կոչ են անում կանգնել «Հայրենիքի փրկության շարժման» կողքին: «Բոլորս մտահոգված ենք Հայոց բանակի պահանջից հետո Հայաստանի Հանրապետությունում ծավալվող իրադարձություններով և պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի  վարչախմբից զերծ մնալ արկածախնդրությունից և ընդունել  Բանակի և ժողովրդի պահանջը»,- գրված է հայտարարության մեջ:

Արցախի խորհրդարանական մյուս ուժերը չեն կիսում այս երեք քաղաքական ուժերի տարածած հայտարարությունը, ավելին՝ նրանք կարծում են, որ Արցախից իրավունք չունեն խառնվելու Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին։

Արցախի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ն նույնպես զերծ է մնում միջամտություններից։ Խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը նշեց, որ  Արցախը միշտ սատարում է ՀՀ ժողովրդի դիրքորոշումը, և Արցախը չպետք է խառնվի Հայաստանի ներքաղաքական հարցերին։

«Մենք միշտ հարգել և հարգում ենք Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցների ընտրությունը և շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր սկզբունքներին։ Հավասարակշռված մոտեցումը հենց մեր քաղաքական կայունության հիմքն է»,- ասաց պատգամավորը։ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, ամեն ինչ պետք է լինի քաղաքական երկխոսության շրջանակներում։

«Չեմ կարծում, որ բանակի միջամտությունը քաղաքականությանը ճիշտ է»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ «Ազատ հայրենիքը» շարունակելու է հավատարիմ մնալ իր սկզբունքներին։

Արցախի խորհրդարանի «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը կարծում է, որ ՀՀ քաղաքացին ի վիճակի է ինքն իր հարցերը լուծելու։ «Մենք նման ակտիվություն այդ հարցերում չենք ցուցաբերում»,- ասաց Բաղունցը։

Ինչ վերաբերում է բանակի՝ քաղաքականությանը խառնվելուն, ապա, ըստ Բաղունցի, եթե բանակի ներկայացուցիչը պետք է քաղաքական պայքարին միանա, ապա ինքը պագոնները թող հանի, ինչ ուզում է անի, մասնակցի որպես քաղաքացի։

«Ըստ Սահմանադրության՝ զինվորականն իրավունք չունի քաղաքական խնդիրներին խառնվելու։ 2008-ի Մարտի մեկը բազմաթիվ հարթակներում և բազմաթիվ քաղաքական ուժերի կողմից դատապարտվել է, և ցանկացած պետության բանակի ներկայացուցիչ չպետք է ներգրավվի քաղաքական խնդիրների լուծմանը»,- ասաց խմբակցության ղեկավարը։

Նա նշեց, որ Հայաստանում ստեղծված իրավիճակով  իրենք մտահոգված են և փորձում են ցանկացած հնարավորություն օգտագործել, որպեսզի ճիշտ ելքեր գտնեն ստեղծված իրավիճակից: «Մեր դիրքորոշումն ընդհանուր հարցերի շուրջ բազմիցս հայտարարել ենք, բայց նման մասնակցություն ունենալը մենք ճիշտ չենք համարում»,- հավելեց նա։