• Thu. Apr 22nd, 2021

Ռուսաստանը թույլ կտա՞ Թուրքիային քիթը խոթել Հայաստանի ներքին հարցերի դաշտ

Հայաստանի փետրվարի 25-ի իրադարձություններին Թուրքիայի արձագանքը հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում ունեցավ բնականաբար աշխույժ քննարկում: Արմատական ընդդիմությունը իր հանրահավաքի հարթակից սկսեց հայտարարել, թե Թուրքիան, «ռազմական հեղաշրջումը» դատապարտելով, աջակցում է Փաշինյանին, ինչն էլ, ըստ արմատականների, վկայում է իրենց այն պնդման հավաստիությունը, թե Հայաստանի հետհեղափոխական իշխանությունը գործում է Թուրքիայի օգտին և անգամ կամոք:

Ինչ խոսք, այդ հայտարարությունների քաղաքական մոտիվները իրենց անընդունելիությամբ հանդերձ՝ մի շարք խորքային պատճառներով, այդուհանդերձ, հասկանալի են: Արմատական ընդդիմությունը փորձում է Փաշինյանի դեմ պայքարում օգտագործել ձեռքի տակ ընկած ամեն ինչ և կանգ չառավ նաև Թուրքիայի մատուցած հնարավորությունն օգտագործելու առաջ: Անկարան թերևս հենց դա էլ ակնկալում էր՝ հրապարակավ դատապարտելով «ռազմական հեղաշրջումը» և այդպիսով փաստացի աջակցելով Հայաստանի իշխանությանը՝ անշուշտ հիանալի պատկերացնելով, որ այդպիսով խաղաքարտ է տալու արմատական ընդդիմության ձեռքը՝ ընդդեմ Փաշինյանի:

Իրականում առնվազն պետք է Էրդողանին ու նրա թիմին հիմար համարել՝ մտածելու համար, թե նրանք Հայաստանում որևէ մեկին իրապես աջակցելու մտադրության կամ, առավել ևս, հնարավորության պարագայում դա կանեն, այսպես ասած, բաց հայտարարություններով: Իսկ մտածել, թե Էրդողանը հիմար է, թող ներվի ասել՝ հենց դա կլինի հիմարություն: Միևնույն ժամանակ, մոլորություն կլինի անշուշտ մտածել, թե Թուրքիայի արձագանքը ուներ հենց այդ նպատակը՝ խաղաքարտ տալ հայկական ընդդիմությանը իշխանության դեմ պայքարում: Թուրքիայի համար դա փոքր խնդիր է այն բանից հետո, երբ հաստատվել է Կովկասում և իր ներկայությունը պարտադրել Ռուսաստանին:

Անկարայի արձագանքը հենց Ռուսաստանին էլ ուղղված է՝ այն գիտակցումով, որ Հայաստանում հազիվ թե տեղի ունենա ԳՇ և բանակի բարձրագույն հրամկազմի մասշտաբի այդօրինակ քայլ առանց Ռուսաստանի իմացության: Ըստ այդմ, «օպերատիվորեն» խոսելով Հայաստանի ներքին վիճակի մասին, Թուրքիան իրականում խոսքը հասցեագրում է Ռուսաստանին՝ այն տողատակով, որ Կովկասում, դառնալով ռուսների հետ «համասեփականատեր», Անկարան այլևս իրեն իրավունք է վերապահում հարցադրումներ անելու Ռուսաստանին ոչ միայն ռեգիոնալ իրադրության, այլ նաև Հայաստանի ներքին քաղաքականության առնչությամբ:

Ինչպես կարձագանքի Ռուսաստանը, որը անզոր գտնվեց Թուրքիայի մուտքը Կովկաս թույլ չտալու հարցում, թույլ կտա՞ Թուրքիային քիթը խոթել Հայաստանի ներքին հարցերի դաշտ՝ սա արդեն այլ խոսակցության առարկա է, թեև լրջագույն մտորումների և դիտարկումների կարիք ունեցող: Եվ դրա շարքում է նաև այն «կույր» դիրքորոշումը, թե թուրքական հավակնություններից Հայաստանի պաշտպանվածության միակ երաշխիքը Ռուսաստանն է և դրա հետ ավելի «խորը ինտեգրացիան»: Թեև պետք չէ բացառել և այն, որ Թուրքիան Ռուսաստանին օգնում է Հայաստանում այդ օրակարգը առաջ մղելու հարցում՝ որպես շնորհակալություն այն բանի, որ Ռուսաստանը չխանգարեց կամ համաձայնեց կիսել Կովկասը՝ մասնավորապես Արցախը: