• Fri. Apr 23rd, 2021

Ադրբեջանի նման վարքագիծը խախտում է եռակողմ հայտարարությունը

Թուրքիան ակնհայտ բացասական դերակատարում  ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, մասնավորապես վերջին ագրեսիայի հարցում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:  Նա նշել է, որ դա ակնհայտորեն երևաց, երբ Թուրքիան պատերազմի ժամանակ Մերձավոր Արևելքի իր վերահսկողության տակ գտնվող հատվածներից Արցախի դեմ ուղարկեց ահաբեկիչների և զինյալների, ինչպես նաև ակտիվորեն ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին:

«Ակնկալում ենք միջազգային հանրության ավելի հասցեական ազդեցությունը, որպեսզի Թուրքիան վերանայի իր բացահայտ ագրեսիվ վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ»,- ասել է Այվազյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Երևանի համար կարող է ընդունելի լինել Թուրքիայի ներգրավվածությունը ԼՂ հարցով բանակցային գործընթացին՝  նա հայտարարել է, որ բանակցային գործընթացում կարող են մասնակցել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Թուրքիան, որն առանց թաքցնելու հովանավորեց մերձավորարևելյան ահաբեկիչների գործունեությունն Արցախում, իր զինվորական անձնակազմն ու ռազմական անօդաչուները գործադրեց ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության, արդեն ապացուցել է ոչ միայն հակամարտությունում իր ներգրավվածության մակարդակը, այլև այն, թե որքան հետու է բանակցային գործընթացից»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Ադրբեջանն արհեստական և չհիմնավորված խոչընդոտներ է ստեղծում հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ հետ վերադարձի համար:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Նա նշել է, որ ռազմագերիների ու գերիների վերադարձը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, այդ ուղղությամբ տարվում է համակարգված միջգերատեսչական աշխատանք, և Հայաստանն արդեն կատարել է իր պարտականությունը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով հետ վերադարձնելով ռազմագերիներին:

«Ադրբեջանական կողմը մանիպուլացնում է հայ գերիների ցուցակը և հրաժարվում է ընդունել հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերի պահելու փաստը: Ավելին, պաշտոնական Բաքուն մի քանի ռազմագերիների դեմ կեղծ քրեական գործեր է հարուցում հորինված մեղադրանքներով:

Ադրբեջանի նման վարքագիծը ոչ միայն հակասում է միջազգային հումանիտար իրավունքի նորմերին, այլև խախտում է եռակողմ հայտարարությունը»,- նշել է Արա Այվազյանը՝ հայտարարելով, որ բոլոր ռազմագերիների անհապաղ և անվտանգ վերադարձը առաջնահերթություն է:

ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանը ռազմագերիներին վերադարձնելու հարցում բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության՝ որպես պատասխանատու և անկողմնակալ միջնորդի ջանքերը: «Համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հայրենիք վերադարձնել հայ գերիների մի մասին: Այս հումանիտար հարցի հետագա ձգձգումը, իհարկե, ոչ միայն ավելի է խորացնում հայ հասարակության ցավը, այլև մարտահրավեր է նաև Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երաշխավորի, ինչպես նաև առհասարակ միջազգային հանրությանը»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը:

Հայկական կողմը երբեք չի հրաժարվում ադրբեջանական կողմի հետ հանդիպումից, սակայն ցանկացած հանդիպում, եթե այն չի կազմակերպվում միայն կազմակերպման նպատակով, պետք է համապատասխանի որոշակի չափորոշիչների: Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք  հնարավոր է հանդիպում Ադրբեջանի արտգործնախարարի հետ:

«Նախ և առաջ, խոսքը համապատասխան մթնոլորտի ստեղծման մասին է, հստակ օրակարգի ձևավորման, և, որ պակաս կարևոր չէ, մյուս կողմում պատրաստ լինելու գալ պայմանավորվածության»,- ասել է Արա Այվազյանը: