• Fri. Apr 23rd, 2021

«Բոինգը» հայտնվել է Թեհրանում՝ այն դեպքում, երբ այդ առնչությամբ կա ԱՄՆ պատժամիջոցի հարց

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտնել է, որ հորդորում է Հայաստանի կառավարությանը ներկայացնել ամերիկյան արտադրության «Բոինգ-737» օդանավի գտնվելու վայրի մասին ստույգ տեղեկություն:

Պատմությունը ծագեց օրերս, երբ Նիկոլ Փաշինյանի ավիացիայի հարցերի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնեց, թե առևանգվել է հայկական օդանավ, որը Տալինից պետք է մեկներ Միացյալ Էմիրություններ, սակայն շեղվել է և հանգրվանել Թեհրանում: Հակոբ Ճաղարյանը հայտարարում է, որ այդ մասին տեղեկացել է Էմիրությունների գործընկերներից, իսկ օդանավի երթուղուց շեղումը արտառոց դեպք է ավիացիայի համար և դիտարկվում է ընդհուպ առևանգում:

Ընդ որում, հարցն այն է, որ խոսքը վերաբերում է հայկական գրանցում ունեցող «Բոինգ»-ին: Հետո պարզվեց, որ խոսքը «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ընկերությանը պատկանող օդանավի մասին է: Այս պատմության ամենաինտրիգային կամ խնդրահարույց մասը լոկ երթուղուց շեղվելու հանգամանքը չէ, այլ այն, որ Հայաստանում գրանցված ամերիկյան արտադրության «Բոինգը» հայտնվել է Թեհրանում՝ այն դեպքում, երբ այդ առնչությամբ կա ԱՄՆ պատժամիջոցի հարց:

ԱՄՆ-ն արգելք է դրել ամերիկյան տեխնոլոգիաների՝ Իրան արտահանման վրա: Եվ, եթե դա, այսպես ասած, պաշտոնական արտահանում չէ, դրանից խնդրի էությունը չի փոխվում՝ կա փաստ, և սա առաջացնում է ռիսկեր առաջին հերթին հայ-ամերիկյան հարաբերության համար: Առայժմ պետական արձագանքը ոչ թե չեզոքացնում է այդ ռիսկերը, այլ նվազագույնը պահպանում դրանք: Քաղավիացիայի կոմիտեն հայտնել է, որ կատարվում է քննություն:

Ընկերությունը, որին պատկանում է օդանավը, հայտնել է, թե Տալինից պետք է թռչեր Ուկրաինա, բայց հայտնվել է այլ վայրում: Այս բացատրությունների լինելը հավասարազոր է չլինելուն: Բայց իրավիճակն ընդհանրապես հավասարազոր է պետական կառավարում չլինելուն: ԱՄՆ դեսպանության հորդորը, ըստ էության, հարցադրում է հենց այդ մասին՝ Հայաստանում կա՞ կառավարում, որը տիրապետում է այնպիսի նրբություն պարունակող հարցերի, ինչպիսին տվյալ դեպքը, թե՞ Հայաստանում բարձիթողություն է:

Ընդ որում, պետք չէ բացառել իհարկե այն, որ օգտվելով Հայաստանում հետպատերազմական սթրեսային թե՛ հոգեբանական, թե՛ քաղաքական, թե՛ նաև պետական կառավարման վիճակից, ինչ-ինչ ուժեր թե՛ անձնական, թե՛ քաղաքական, թե՛ նույնիսկ աշխարհաքաղաքական բնույթի խնդիրներ են փորձում լուծել, տարբեր սաբոտաժների, ոչ ռազմական իմաստով դիվերսիոն բնույթի գործողությունների միջոցով, այդպիսով հարվածի տակ դնելով, օրինակ, հայ-ամերիկյան հարաբերությունը: Բայց դա ոչ թե արդարացնում է կառավարման հնարավոր բացն ու անարդյունավետությունը, այլ էլ ավելի ծանրացնում դրա հնարավոր հետևանքը:

Ըստ այդմ, պետք է ոչ միայն սպառիչ պատասխան օդանավի պատմության առումով, այլ ընդհանրապես երաշխավորված գործողություններ ամենատարբեր ուղղություններով տարբեր բնույթի հակապետական սադրանքներ թույլ չտալու կամ դրանք արագ բացահայտելու ուղղությամբ: