• Fri. Apr 23rd, 2021

Կամ պետք է քրեական գործ հարուցել ու քննություն իրականացնել, կամ նյութեր նախապատրաստել

«Վարչապետը միանշանակ պնդել է, որ Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է։ Առերևույթ կա նման հայտարարություն։ Հետևաբար քննություն իրականացնելը պարտադիր է։ Կամ պետք է քրեական գործ հարուցել ու քննություն իրականացնել, կամ նյութեր նախապատրաստել ու հետո՝ բավարար հիմքերի պարագայում, քրեական գործ հարուցել ու պատշաճ քննություն իրականացնել»,- ասաց  փաստաբան Գևորգ Գյոզալյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ու այլ բարձրաստիճան զինվորականներ  հայտարարություն էին տարածել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։  Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ աշխատանքից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։ Նախագահը, սակայն, դեռ չի ստորագրել ազատման որոշումը, և ԳՇ պետն ու հայտարարության տակ ստորագրած մնացած զինվորականները շարունակում են աշխատել։

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է, որ  Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են։

Փաստաբանի խոսքով՝ Գլխավոր շտաբի կողմից քաղաքական հայտարարություն տարածելը սահմանադրական վերոնշյալ նորմի խախտում է: «Հայտարարությունը ակնհայտորեն քաղաքական բնույթի էր, վարչապետի հրաժարականի պահանջ էր դրվել, ինչը սահմանադրական նորմով ուղղակի արգելված է։ Եթե քննության արդյունքում պարզվի, որ որոշակի քաղաքական կուսակցությունների, անձանց հետ կապված է եղել, ապա չի բացառվում, որ պաշտոնատար այդ անձանց նկատմամբ քրեական գործ հարուցվի հեղաշրջում իրականացնելու հանցակազմով։ Սա տեսականորեն բացառել չի կարելի»,- ասաց Գյոզալյանը՝ հավելելով, որ այդ հարցերին պատասխանելու համար շատ-շատ փաստեր պետք է հաստատվեն, որպեսզի հնարավոր լինի եզրահանգումներ անել։

Փաստաբանը նկատեց, որ իրավական որևէ խնդիր չկա, որ ԳՇ զինվորականները դեռևս պաշտոնավարում են, քանի որ հայտարարության իրավական հետևանքներին գնահատական տրված չէ. «Իսկ իրավական հետևանքը պետք է լինի քրեական գործի նախապատրաստումը, որից հետո արդեն քրեական գործի հարուցումը։ Այ, երբ որ քրեական գործ հարուցվի, արդեն կլուծվի նաև այդ պաշտոնատար անձանց հետագա պաշտոնավարման խնդիրը։ Քննիչը  կարող է որոշմամբ նրանց հեռացնել իրենց պաշտոններից և թույլ չտալ որոշակի ժամկետով պաշտոնավարել։ Չի բացառվում նաև, որ քննվի ու պարզվի, որ հանցակազմ չկա, ու քրեական գործ չհարուցվի։ Բայց վարչապետի հայտարարությունը՝ ռազմական հեղաշրջման մասին, առավել քան բավարար է, որ Գլխավոր դատախազությունը գոնե պրոցես սկսի»։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ասաց, որ ԳՇ հայտարարությունը ուսումնասիրվում է, դրա առթիվ քրեական վարույթ հիմա չկա: «Դրա և դրա շուրջ զարգացումների հնարավոր ռիսկերը մեր մշտադիտարկման և ուշադրության ներքո են: Քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցակազմի հատկանիշ պարունակող կոնկրետ դրսևորումների տարրեր ի հայտ բերելու պարագայում պարտադիր կհետևի քրեաիրավական արձագանք»,- ասաց Գլխավոր դատախազի խորհրդականը։