• Fri. Apr 23rd, 2021

Կարեն Բաբակեխյան, Սաշիկ Աֆյան, Շերիֆ. ովքեր եւ ինչով են հայտնի վարչապետի հրաժարականը պահանջողները

ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի երեկվա հայտարարությունից հետո, ոստիկանության մի շարք նախկին ոստիկաններ նույնպես միացան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, կոչ անելով ոստիկանության ծառայողներին՝ չենթարկվել վարչապետի հրահանգներին և ուժ չկիրառել ժողովրդի դեմ:

Վարչապետի հրաժարականը պահանջող ոստիկանության նախկին ոստիկանների անուններն ուսումնասիրելիս, շարքում են հանրությանը հայտնի մի քանի անուններ, որոնք աշխատանքային գործունեության տարիներին աչքի չեն ընկել իրենց այսօրվա հորդորի՝ ուժ չկիրառելու պահանջը պահպանելու հարցում:

Գեներալ մայոր Աշոտ Գիզիրյանն օրինակ 2002 թվականին Երեւանի ներքին գործերի վարչության պետ աշխատելու տարիներին ՆԳ բաժնում ծեծի էր ենթարկել ԱԺ «Միասնություն» խմբակցության եւ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Հակոբյանին: Պատգամավորի խոսքով՝ իրեն պահել են քրեական հետախուզության վարչության պետի սենյակում: Մոտ 2.30-ին սենյակ է մտել Գիզիրյանը. երկու ոստիկաններ բռնել են Գեւորգ Հակոբյանի թեւերից, ինչից հետո Գիզիրյանը սկսել է ծեծել պատգամավորին:

Մյուս նախկին բարձրաստիճան ոստիկանը Շիրակի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանն է: Դեռեւս 2013 թվականին մամուլը գրեց, որ Բաբակեխյանը ծեծի էր ենթարկել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի` Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանին: Սարգսյանի խոսքով՝ Շիրակի մարզային ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանն այնքան է հարվածել իրեն, որ ինքն ուշագնաց է եղել, եւ ուշքի գալով` տեսել է, որ Բաբակեխյանը ջուր է ցփնում իր վրա: Նախկին ոստիկանապետն այսպիսով ստիպել էր, որ Հ.Սարգսյանն իր վրա վերցնի Կարեն Եսայանի սպանությունը:

Աշխատանքային կարիրեայի տարիներին Բաբակեխյանը սկանդալների պակաս չի զգացել: 6-րդ վարչության պետի տեղակալի պաշտոնին լինելու տարիներին նա որպես վկա անցնում էր ՀՀ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի աղմկոտ սպանության գործով: Հիշեցնենք, որ Մհերյանը սպանվել է 2009-ի փետրվարի 3-ին՝ իր տան շքամուտքի մոտ՝ դիմահար կրակոցից, սակայն մինչև հիմա գործի հանգամանքները պարզված չեն: Փոխոստիկանապետի հայրը մշտապես հայտարարել է, որ իր որդու սպանության գործը «սարքելու» մեջ մեծ դերակատարություն են ունեցել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը և նրա հետ քավորսանիկական հարաբերությունների մեջ գտնվող Բաբակեխյանը:

Հայտարարության տակ ստորագրած մյուս բարձրաստիճան ոստիկանը գեներալ-լեյտենանտ Սաշիկ Աֆյանն է: Նա մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ զբաղեցրել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնը: Մարտի 1-ի մայր գործով նրան մեղադրանք էր առաջադրվել, սակայն հետագայում քրեական հեապնդումը դադարեցվել էր՝ վաղեմության հիմքով: Ըստ ՀՔԾ-ի՝  Աֆյանը, 2008-ի մարտի 1-ին անցնելով պաշտոնեական լիազորությունները, այլ անձանց հետ կազմակերպել է Երևանի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողություները, դրանք ուղեկցվել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ: Այս ամենի հետևանքով քաղաքացիների իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Շերիֆ անունով հայտնի գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանն էլ 2008 թվականի մարտի 1-ին ղեկավարել է ներքին զորքերի ստորաբաժանումների գործողությունները: Այս գործով նա ունի վկայի դատավարական կարգավիճակ:

Անյուտա Աթանեսյան; armtimes.com