• Fri. Apr 23rd, 2021

Սյունիքում ստորերկրյա ջրերի արտահոսքով վթար է տեղի ունեցել

2021 թվականի փետրվարի 26-ի գիշերը՝ ժամը 04:30-ի սահմաններում ԱԻՆ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապանի ԼՀԿ-ի տարածքից մայրուղի է թափվում մեծ քանակությամբ ժանգագույն ջուր։ Նույն ժամանակահատվածում ահազանգ է ստացվել նաև «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի կողմից ստորերկրյա ջրերի մակերևույթ արտահոսքի վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Ահազանգի հիման վրա ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնի կողմից կատարվել են ուսումնասիրություն և տեղազննման աշխատանքներ, որի արդյունքում պարզվել է, որ արտահոսքը տեղի է ունեցել նախկինում գործող Կավարտի ստորգետնյա հանքի տրանսպորտային հանքուղուց, որը բավականին երկար ժամանակ է չի շահագործվում և ընդերքօգտագործման իրավունքով որևէ ձեռնարկության չի պատկանում։

Նմուշառման հիման վրա կատարվող ուսումնասիրությունները ընթացքի մեջ են։ Ըստ Տեսչական մարմնի, ձեռնարկության կողմից իրականացվում էին արտահոսքի հետևանքով առաջացած ջրաբերուկի մաքրման աշխատանքներ ձեռնարկության և հարակից տարածքներում, մայրուղում: