• Fri. Apr 23rd, 2021

Թուրքիան այլևս պատճառ չունի շարունակելու Հայաստանի շրջափակումը

«Թուրքիան Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլի կտա համարժեք պատասխան՝ համակարգելով ջանքերը Ադրբեջանի հետ»,- Անկարայում հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ ասուլիսում։

«Այժմ Հարավային Կովկասում խաղաղության ու տարածաշրջանի զարգացման հնարավորություն է ստեղծվել, և հուսով ենք, որ Հայաստանը կընտրի խաղաղության ճանապարհը»,- ասել է թուրք արտգործնախարարը՝ չմանրամասնելով, թե Բաքուն և Անկարան Երևանից ինչ քայլեր են ակնկալում։

Ակնկալվում է, որ Անկարա կժամանի նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը. երեք երկրների բարձրաստիճան դիվանագետները կմասնակցեն Թյուրքական երկրների խորհրդի նիստին։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ ՄԱԿ-ի անդամ պետությունները ունեն պարտավորություն իրենց հարևան և այլ պետությունների հետ հաստատելու խաղաղ հարաբերություններ ու համագործակցելու հանուն մարդու իրավունքների ու ժողովուրդների խաղաղ զարգացման: «Հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում կան բազմաթիվ հարցեր։ Ամենասուր հարցը Ցեղասպանության հարցն է։ Այստեղից էլ՝  հայերի իրավունքների վերականգնման, Ցեղասպանության ժամանակ ոտնահարված բոլոր իրավունքների վերականգնման,  կոմպենսացիայի  ու  հանցագործությունը ճանաչելու հարցը։

Այս ամենին գումարվեցին նաև անվտանգության խնդիրները։ Թուրքիան երկրորդ արցախյան պատերազմում իր մասնակցությամբ ըստ էության թշնամական վերաբերմունք ցուցաբերեց Հայաստանի նկատմամբ։ Սրանք բարդ քաղաքական հարցեր են, որոնք պահանջում են լրջագույն աշխատանք»,- ասաց նա։

Ըստ Ղուկասյանի՝ այսօր այդ աշխատանքը չի արվում ո՛չ Հայաստանի, ոչ էլ Թուրքիայի կողմից. «Երկրորդ արցախյան պատերազմից հետո փորձերը՝ այդ հարաբերություններում փոփոխություն մտցնելու, ավելի շատ պայմանավորված են Թուրքիայի առաջնահերթություններով, քան Հայաստանի։ Թուրքիան փորձում է այդ օրակարգի հարցերը ոչ թե լուծել, այլ հասնել նրան, որ Հայաստանը հրաժարվի այդ օրակարգի մեջ տեղ գտած հարցերից։ Սա է այսօր գոյություն ունեցող իրողությունը։ Թուրքիան ունի սպասումներ, որ Ռուսաստանի Դաշնությունը կազդի Հայաստանի վրա ու Հայաստանին կբերի Թուրքիայի հետ համագործակցության տիրույթ՝ Թուրքիայի թելադրած պայմաններով։ Հայաստանի այսօրվա իշխանությունները, որոնք շատ ցածր հանրային աջակցություն ունեն, նման ծրագիր իրականացնելու ռեսուրս չունեն։

Հավանաբար Ռուսաստանը Թուրքիային առաջարկում է սպասել մինչև Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, ձևավորվի նոր կառավարություն, որը կլինի Ռուսաստանի Դաշնության տեսակետից ավելի մեծ պոտենցիալով այդ հարաբերություններն առաջ տանելու համար»։

Անդրիաս Ղուկասյանի դիտարկմամբ՝ Թուրքիան այսօր սպասողական վիճակում է հայտնվել, չի կարող բացել սահմանը, որովհետև դա իր քաղաքականության գլխավոր խաղաքարտն է: «Այդ սահմանի բացման դիմաց նա պետք է փորձի հասնել Հայաստանի կողմից պետական նշանակություն ունեցող հարցերից հրաժարվելուն։ Թուրքիան բարդ իրավիճակում է, չունի պատճառաբանություն, թե ինչու է  շարունակում Հայաստանի շրջափակումը։ Անկարան գտնվում է  նաև միջազգային ճնշման տակ։ ՄԱԿ-ն է պահանջում Թուրքիայից քայլեր ձեռնարկել հայերի իրավունքները վերականգնելու ուղղությամբ, ԱՄՆ-ը ևս պահանջում է արմատապես վերանայել հայերի հետ հարաբերությունները, ինչն արտահայտվեց անցյալ տարի Կոնգրեսի ու Սենատի բանաձևերով, իսկ այս տարի սպասվում է, որ այդ հարցում ԱՄՆ նախագահն իր դիրքորոշումը կհայտնի ապրիլի 24-ի իր ելույթի ժամանակ։ Սրանք պատճառներ են, որոնք Թուրքիային ստիպում են արագացնել  գործընթացները, ճնշումներ գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի Ռուսաստանն էլ իր հերթին ճնշումներ գործադրի Հայաստանի վրա։ Թուրքիան հույսեր ունի, որ կհասնի հայ-թուրքական օրակարգի՝ Թուրքիայի համար հարմար ձևով իրականացմանը»,- եզրափակեց Անդրիաս Ղուկասյանը։