29 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Կա՛մ Վանեցյանը պետք է բերի մեր երեխաներին, կա՛մ  ինքը ստախոս է

Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր ասուլիս էին հրավիրել՝ կարևոր ասելիքով:  Խոսքն ուղված է քաղաքական բոլոր ուժերին, բոլոր կուսակցություների ղեկավարներին ու ներկայացուցիչնեին, ՀՀ և Արցախի նախագահին՝ չքաղաքականացնել  գերիների վերադարձի խնդիրը:

Նրանց առավել մտահոգում է Արթուր Վանեցյանի վերջին հայտարարությունը, որով Վանեցյանը վստահեցրել էր, թե եթե գա իշխանության, ապա 3 օրում գերիներին կվերադարձնի:

«Շահարկումները եղել են Արթուր Վանեցյանի կողմից, մենք հորդորում ենք՝ ունես այդ հնարավորությունը՝ կատարի, նոր խոսի: Կա՛մ Վանեցյանը պետք է բերի մեր երեխաներին, կա՛մ  ինքը ստախոս է: Թող ժողովրդին չհավաքե կողքը:  Աթոռ գուզե, թող գա, լյուբոյ տեղ մենք ստեղ իրան աթոռ կտանք՝  բայց ոչ մեր երեխաների հաշվին»,-ասացին զինվորների հարազատները:

Մարզպետարանի դահլիճում ներկա 54 զինվորականների  ծնողները հանդես եկան միասնական հայտարարությամբ, որում ասվում էր. «Այսօր քաղաքական և ոչ քաղաքական ուժերի կողմից շոշափվում է մեր տղաներին գերությունից ազատելու հարցը: Մենք  և՛ քաղաքական, և՛  ոչ քաղաքական ուժերին հորդորում ենք՝  իրենք քայլերն ու կածիքները  չկապեն մեր տղաների հետ: Եթե կա ինչ որ անձնավորություն, ով կարող է իր լուման ներդնել  մեր տղաների վերադարձի համար, խնդրում ենք թող կատարի այդ քայլերը, նոր խոսի: Մենք առաջին օրվանից տեսել ենք այն մարդկանց, ովքեր պատրաստակամ են մեր կողքին լինելու, գիտենք նաև այն մարդկանց, ովքեր իրենց նպատակների համար շոշափում են մեր տղաների հարցը:

Թող նրանք զերծ մնան իրենց հայտարարություններում գերիների ու անհետ կորածների  խնդիրը շոշափելուց  ու չխոչընդոտեն իրականացվող աշխատանքերին, որոնք կատարվում են ու պետք է կատարվեն»:

Գերեվարվածների ծնողներն ու հարազատները ընդգծեցին մեկ անգամ ևս.  ոչ մի քաղաքական ուժի չեն պաշտպանում, երբեք չեն եղել, հիմա էլ կանգնած չեն ոչ մեկի կողքին:  Իրենց պահանջը մեկն է՝ չշահարկել գերիների անունը, չխանգարել նրանց հայրենադարձմանը:

«Էս ասուլիսը քաղաքական չէ, մենք մեկ անգամ ևս բոլորին ասում ենք, որ չշահարկեն գերիներին: Չխանգարեն աշխատողներին: Չենք բացում փակագծերը, բայց մենք լավ գիտենք այդ գործընթացում ով է ներգրավված ու ով ինչ քայլ է կատարում: Այսօրվա դրությամբ այն 70 տոկոս գործընթացը, որը կատարվել էր մինչ այս՝ տղաների վերադարձի ուղղությամբ, իրենք նորից դարձրեցին զրո, եթե այսօրվա դրությամբ գերիներին բերելու հնարավորություն ունեցող անձը չի համագործակցում պատկան  մարմիննների հետ, որը լիազորված է տղաների վերադարձի համար միջնորդություններին, մենք էլ բնականաբար, մտածում ենք որ նրա նպատակն այլ է,  իսկ հետևանքի մասին մենք չպետք է դատենք, այլ դրա համար կան համապատասխան մարմիններ: Խոսքը ոչ միայն Շիրակի մարզի այն 62 տղաների մասին է, որոնցից 8-ն արդեն վերադարձել են, այլ ընդհանրապես, բոլոր գերիների մասին ենք խոսում »,-ասացին նրանք:

Զինվորների ծնողներն ու հարազատները նաև պահանջեցին, որ Գյումրի գան հայկական երկու պետությունների՝ ՀՀ-ի և Արցախի նախագահները: Երկուսին էլ հստակ ասելիք ունեն՝ «Թող գան Գյումրի, որ հասկացնենք, որ  մեր տղաներին չտեղափոխեն քաղաքական դաշտ: Մեզ շահարկումներ պետք չեն, մեզ պետք են հստակ ու ճիշտ քայլեր, մեր երեխեքն են մեզ պետք: Արմեն Սարգսյան, արի Լենննական հլը, մե անգամ շոշափե՞լ ես գերիների հարցը, կամ Վանեցյան, դու ո՛վ ես, բեր երեխեքին, քեզի Աստված կդարձնենք, կամ էլ իրանց տարածն է, որ կռնան բերեն: Մեր ղեկավարը երկրի, Փաշինյանը,  թող հլը կանչե, տեսնի ինչղ երեք օրվա գերի կբերե»,-ասացին գերեվերվածների հարազատները:

Նրանք նաև բոլորին ուղղված կոչ ունեին. «Ժողոորդ ջան, ամոթ է, սթափվեք: Թողեք երեխեքի արունը չորնա, թողեք էս մյուսներին բերենք, ըդորից հետո գնացեք, սաղ աթոռները ձեզի էղնին, մենակ թե սթափվեք, ինչ գուզեք: Կանգնեք երկրի կողքն, որ երկիրը ոտքի կանգնի, էս ինչ է էրածներդ»: