• Fri. Apr 23rd, 2021

Հայկական բանակի ռեֆորմի հարցում Ռուսաստանն ունենալու է այսպես ասած գործընկերային «մոնոպոլիա՞»

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է հայկական բանակում ռեֆորմի մասին՝ նշելով, որ օպտիմալացնելու են նաև զորքի թվակազմը՝ մարտական բաղադրիչի ավելացումով, շեշտը դնելով հրթիռահրետանային ուժերի, անօդաչու ավիացիայի, հետախուզական ներուժի, ռադիոէլեկտրոնային պայքարի, կառավարման համակարգերի զարգացման վրա:

Ըստ Հարությունյանի՝ այդ գործում Հայաստանը աշխատում է Ռուսաստանի հետ, և հունվարի վերջին Երևանում է եղել ՌԴ ՊՆ պատվիրակությունը: Հայկական բանակի ռեֆորմացիայի անհրաժեշտության հարցում չկա կասկած: Այդ կասկածը չկար նույնիսկ պատերազմից առաջ, նույնիսկ Ապրիլյան քառօրյայից առաջ: Ակնառու էր, որ հայկական բանակը ունի թե՛ մոդելային, սպառազինական, թե, արժեհամակարգային-գաղափարական արդիականացման կարիք՝ նոր համաշխարհային իրողություններին և տեխնոլոգիական հեղափոխությանը համարժեք լինելու համար: ‘

Ներկայումս, իհարկե, չխոսենք այն մասին, որ բաց է թողնվել զգալի ժամանակ, թեև պետք է նկատել, որ բանակն, այդուհանդերձ, առաջ գնացել է՝ պարզապես ամենևին ոչ բավարար տեմպով ու ծավալով, ոչ բավարար բովանդակությամբ: Ավելի լայն թափով առաջ են գնացել Հայաստանին ու Արցախին սպառնացող մարտահրավերները, և այդ դինամիկայի, մեղմ ասած, անհամամասնությունը մենք ցավալիորեն զգացինք՝ որպես առաջին ահազանգ Ապրիլյան քառօրյայում, և չորս տարի անց մեզ պարտադրված թուրք-ահաբեկչական պատերազմում: Այժմ խնդիրը ապագան դիտարկելն է, անցյալը քննելով լոկ այդ խնդրին ծառայելու համատեքստում:

Ըստ այդմ՝ կարիք կա, որպեսզի Հայաստանի պաշտպանության նախարարը և նախարարությունն ընդհանրապես հանրությանը ներկայացնեն բանակի ռեֆորմը, ներկայացնեն դրա իրականացմանը զուգահեռ, այն դարձնեն հանրային քննարկումների առարկա՝ հասկանալի է այն մասով, որը չի հակասում ազգային անվտանգության հարցերին և չի պարունակում պետական գաղտնիք: Այդուհանդերձ, առանցքային հարցն անշուշտ այն է, թե հայկական բանակի ռեֆորմացիայի հարցում ինչքան է հայկական քաղաքական կամքի ինքնուրույնությունը: Բանն այն է, որ բանակի արդիականացման խնդիր ունի Ռուսաստանն ինքը, ինչի մասին ամիսներ առաջ՝ արցախյան պատերազմից հետո, հայտարարեց նաև ՌԴ նախագահ Պուտինը, հորդորելով ուսումնասիրել ժամանակակից պատերազմները, դրանցում կիրառված տեխնոլոգիաներն ու մոդելները: Ակնառու է, որ Պուտինը նկատի ուներ նաև Արցախի դեմ թուրքական պատերազմը:

Առիթ ունեցել եմ խոսելու, որ այդ պատերազմը բազմաշերտ էր և այդ առումով նաև մոդելային՝ ՆԱՏՕ մոդելը ռուսական մոդելի դեմ: Այդ իմաստով առաջանում է հարց՝ հայկական բանակի ռեֆորմի հարցում Ռուսաստանն ունենալու է այսպես ասած գործընկերային «մոնոպոլիա՞», թե՞ Երևանը լիարժեք գործակցելու է նաև անվտանգային աջակցության ներուժ ունեցող այլ սուբյեկտների հետ, այդ թվում՝ առաջին հերթին, իհարկե, համաշխարհային անվտանգության անխոս առաջատար ՆԱՏՕ հետ: Ընդ որում, սա ունի ոչ միայն ֆունկցիոնալ, այլ նաև քաղաքական էական նշանակություն, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրադրությունը և միտումները: Հայկական բանակի ռեֆորմի անվան տակ այն չպետք է վերածվի ռուսական բանակի կովկասյան մի կցորդի: Հայաստանը գտնվում է անվտանգային միջավայրում, որը առանձնահատուկ ու բացառիկ է մի շարք առումներով, ըստ այդմ՝ Հայաստանի զինված ուժերի արդիականացումը պետք է արտացոլի աշխարհաքաղաքական, ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրողություններն ու, ըստ այդմ, կրի բազմավեկտոր բնույթ: Դա չի նշանակում վիճարկել Ռուսաստանի հետ սերտ գործընկերության հեռանկարը, բայց դա էլ իր հերթին չպետք է բացառի Հայաստանի սերտ գործակցության հեռանկարը անվտանգային առաջատարների հետ: