• Fri. Apr 23rd, 2021

Այսօր ձեզ հայտնի քաղաքական ուժերը փորձում են Զինված ուժերին դրդել՝ տանկերը հանել ժողովրդի դեմ

2008 թվականի մարտի 1-ին այն ժամանակավա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, ՀՀ քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրեցին։ Այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ կարևոր է արձանագրել, որ Մարտի մեկի գործով կան մեղադրվող անձինք, ովքեր այսօր կանգնած են դատարանի առաջ։ Ու պիտի, այո, արձանագրենք, որ Մարտի մեկի գործն իմ գնահատմամբ բացահայտված է։ Շատերը հարց են տալիս, թե ինչպե՞ս կարող է բացահայտված լինել Մարտի մեկի գործը, երբ սպանությունները բացահայտված չեն։ Իմ կարծիքն այն է, որ, ճիշտ է, կատարողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է»,- հավելեց նա։

Ըստ նրա՝ ոմանք ժամանակ են ձգում Մարտի մեկի գործով, որովհետև հույս ունեն, որ ժողովրդի իշխանության բռնազավթմանը կհասնեն։

«Այդ նույն մարդիկ, բացարձակապես նույն մարդիկ այսօր էլ փորձ են անում բանակը հանել ժողովրդի և ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության և կառավարության դեմ։ Եվ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունն այլ կերպ պարզապես չեմ կարող գնահատել։ Ուզում եմ ասել առանց սեթևեթանքների՝ Գլխավոր շտաբի հայտարարությունը, այդ թվում՝ 2008 թվականի իշխող շրջանակների կողմից զինվորականների վրա ազդեցություն գործադրելու արդյունք էր։ Սա ուզում եմ ասել առանց սեթևեթանքների։ Սա ոչ թե կռահում է, այլ կոնկրետ հիմնավորված հանգամանք։ Այլոց շարքում այդ թվում՝ Սերժ Սարգսյանն է Զինված ուժերի գեներալների շրջանում իր ազդեցությունն օգտագործելով՝ նրանց փորձել դրդել դուրս գալ պետության ու ժողովրդի դեմ։ Բայց ես հիմա ուզում եմ ասել, որ ԶՈՒ ԳՇ այդ հայտարարությունը բացարձակապես ապօրինի է, որովհետև Հայաստանի Սահմանադրությունը հստակ արձանագրում է՝ ՀՀ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն։ Զինված ուժերի Գլխավոր շտաբը որդեգրել է ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում և սրանով արդեն խախտել բոլոր կանոնները, ՀՀ Սահմանադրությունը։ Այսօր ձեզ հայտնի քաղաքական ուժերը փորձում են զինված ուժերին դրդել՝ տանկերը հանել ժողովրդի դեմ, բայց դա տեղի չի ունենա»,- հայտարարեց Փաշինյանը։

Ըստ ԳՇ հայտարարությունն անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը ԳՇ պետի պաշտոնից։ «Եվ սա անխուսափելի է, որովհետև այն Գլխավոր շտաբի պետը, որն անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում, այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների՝ Հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008 թվականի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, Հայաստանի Հանրապետությունը նման Գլխավոր շտաբի պետ չի կարող ունենալ, ուղղակի չի կարող ունենալ։ Բայց, մյուս կողմից, այս հանգամանքն ամենևին Զինված ուժերում վենդետաների հիմք պետք է չտա։ Փառք Աստծո, այս պահին Զինված ուժերն ու Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել։ Եվ ես հույս ունեմ՝ չեն էլ հատի»,- հայտարարեց նա։

Փաշինյանի խոսքով՝ Զինված ուժերում վենդետաներ չեն լինելու, կապ չունի՝ ով է ստորագել այդ թուղթը, ով չի ստորագրել։ Այդ թուղթը սեղանին դնելու և ստորագրությունների պրոցես սկսելու որոշումը կայացրել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ։ «Ես ուզում եմ ուղիղ ասել՝ երբ որ իմ կողմից նշանակված ԳՇ պետը կատարում է մերժվածի հրամանները, դա ամենամեծ դավաճանություն է։ Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, մյուսները պետք է վերադառնան իրենց ծառայությանը»,- նշեց Փաշինյանը։