• Fri. Apr 23rd, 2021

Բանակը իր բարձր և անվերապահ վստահելիությունը «փոխարինո՞ւմ» է

Արմատական ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, թե բանակը պետք է ընդվզի, դրանով նաև, այսպես ասած, ճանապարհից հանելով ոստիկանությանը: Վազգեն Մանուկյանը՝ արմատական ընդդիմության չբարձրաձայնված լիդերների, մասնավորապես երկրորդ և երրորդ նախագահների լռության պայմաններում, ավելի ու ավելի է սրում ընդդիմության հռետորաբանությանը:

ԳՇ հայտնի հայտարարությունից հետո նա ստացել է դրա, այսպես ասած, նոր լիցք և նախադրյալ: Այդ ամենը դառնում է չափազանց վտանգավոր, և ոչ միայն այն պատճառով, որ կարող է էապես բարձրացնել բախման հավանականությունը, նաև Հայաստանի ներսում ու Հայաստանի շուրջ սադրանքի հավանականությունը: Բանն այն է, որ, եթե անգամ հաջողվի խուսափել պետության համար գերվտանգավոր այդ հեռանկարից, կա մեկ այլ հետևանք, որը չի ունենա կամ չունի ֆիզիկական դրսևորում կամ, այսպես ասած, շոշափելի չէ ֆիզիկապես, սակայն կարող է լինել ոչ պակաս կործանարար հոգեբանական, գիտակցական, մտածողական առումով: Այստեղ է նաև բանակը քաղաքականության մեջ ներքաշելու վտանգներից, սպառնալիքներից մեկը:

Բանն այն է, որ հայկական բանակը աներկբայորեն պետական այն ինստիտուտն է, և ընդհանրապես Հայաստանում այն ինստիտուտն է, որը վայելել և վայելում է հանրային գերակա վստահություն ու համակրանք: Բանակը ամենալեգիտիմ կառույցն է եղել ու մնում այդ իմաստով՝ մի շարք պատճառներից ելնելով: Երբ բանակը, կամ բանակի բարձրագույն հրամկազմը ներքաշվում է որևէ քաղաքական գործընթաց և դիրքավորվում որևէ կողմում, ապա իր ինստիտուցիոնալ լեգիտիմությունը սպառնում է դնել քաղաքական որևէ լեգիտիմության կամ ոչ լեգիտիմության զոհասեղանին:

Այլ կերպ ասած, բանակը իր բարձր և անվերապահ վստահելիությունը «փոխարինում» է ինչ-որ քաղաքական ուժի կամ միավորի վստահության կամ անվստահության հետ, ինչը, անկախ ամեն ինչից՝ մշտապես հարաբերական է, փոփոխական, սուբյեկտիվ: Բանակի ներքաշումը հղի է նրանով, որ ինստիտուցիոնալ վստահելիության և հանրային համակրանքի գերակա իրողությունը կարող է վերածվել ընդամենը քաղաքական տրամադրությունների հարաբերակցությունն արտահայտող հերթական մի հարթակի: Իսկ Հայաստանի Հանրապետության համար բանակի «քաղաքական հերթականացումը» կարող է բերել լրջագույն խնդիրների և անդառնալի իրողությունների: Այս խնդիրը էլ ավելի սուր և ցցուն, էլ ավելի հավանական և սպառնալից է դառնում, հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական իրողությունների և ստատուս-քվոյի ներկայիս հարաբերակցությունը:

Անկասկած է, որ գործող իշխանությունը զգալիորեն հեղինակազրկվել է պարտությունից և անարդյունավետ կառավարումից հետո, կորցնելով իր հեղափոխական վարկանիշի զգալի մասը: Միևնույն ժամանակ ակնառու է, որ այդ կորուստը, մեղմ ասած, այնքան չէ, որ իշխանության հանդեպ հանրային առավելություն տա արմատական ընդդիմությանը: Իշխանության հանդեպ վստահությունը նվազել է, սակայն այն ոչ միայն չի աճել արմատական ընդդիմության հանդեպ՝ քանի որ այն այլ բան չէ, քան կառավարող կամ կառավարած նախկին համակարգը, այլ թերևս նվազել է նաև այդ համակարգի հանդեպ, մի շարք պատճառներով, այդ թվում՝ նույն պատերազմի պարտության:

Ահա այս պարագայում, բանակին «քաղաքական վարկանիշների կամ հակավարկանիշների» հարվածը կարող է լինել էլ ավելի ուժգին ու ցավագին: Գուցե որոշ մարդկանց մոտ ծագել է բանակի լեգիտիմությունը, բարձր վստահելիությունը և զգայունությունը սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու «փայլուն» գաղափար՝ «նպատակն արդարացնում է միջոցը» տրամաբանությամբ, բայց այդ գաղափարը դաժան է լինելու բանակի և պետության համար իր հետևանքով, ընդ որում՝ անկախ քաղաքական որևէ հանգուցալուծումից: Հանգիստ թողեք հայկական բանակին: Եթե չեք կարող նպաստել բանակի արագ վերականգնմանը, գոնե մի օգտագործեք բանակը ձեր տնտեսա-քաղաքական դիրքերն ու հավակնությունները վերականգնելու գործում: Հայկական բանակը դեռ մեծ առաքելություն և դեր ունի այս ռեգիոնում հայկական պետականության հարատևության համար, մի վնասեք այն քաղաքական անցողիկությամբ: