• Fri. Apr 23rd, 2021

Երբևէ իշխանությունը որևէ քաղաքացու չի բերել հանրահավաքի, առավել ևս այսօր

Երբևէ իշխանությունը որևէ քաղաքացու չի բերել հանրահավաքի, առավել ևս այսօր: Այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով լուրերին, թե այսօր իշխանությունները փորձում են գյուղապետերի, քաղաքապետերի միջոցով քաղաքացիներին բերել Հանրապետության հրապարակում սպասվող հանրահավաքին:

«Մենք հայտարարել ենք, որ հավաքվելու ենք Հանրապետության հրապարակում Մարտի 1-ի զոհերի հիշատակի միջոցառումը կազմակերպելու Հանրապետության հրապարակում, որին հետևելու է նաև երթ: Մեր քաղաքացիները մեծ ցանկություն են հայտնել, տարբեր մարզերից կազմակեպվում, ինքակազմակերպվում և գալիս են Երևան»:

Հարցին՝ արդյոք մարզպետներին, գյուղապետերին հրահանգներ չե՞ն տրվել, Հայկ Սարգսյանը ասաց՝ ոչ:

Անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութերին, որում, իբր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը զանգահարում է Հայաստանի տարբեր համայնքների ղեկավարներին և հետաքրքրվում, թե քանի հոգի է տվյալ համայնքից գալու այսօրվա հանրահավաքին, Հայկ Սարգսյանը նշեց. «Ես բազմաթիվ նման վիդեոներ եմ տեսել: Դրանք իմ կարծիքով սարքած են, ավելի շուտ որևէ վստահություն չկա, որ դրանք իրական են»:

Հիշեցնենք, որ այսօր՝ 18:30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը:

Փաշինյանը հանրահավաք անցկացնելու մասին տեղեկացրեց շաբաթ՝ փետրվարի 27-ին, երբ պարզ դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը և այն առարկություններով ուղարկել է վարչապետի աշխատակազմ:

Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել է, հանրահավաքի ընթացքում անդրադառնալու է  Մարտի 1-ի դատավարությանը, ռազմական հեղաշրջման փորձին և նախագահի կայացրած, ինչպես Փաշինյանը բնորոշեց, անհասկանալի որոշմանը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ամիսներ առաջ արած հայտարարությանը նույնպես անդրադարձ լինելու է: