• Fri. Apr 23rd, 2021

Ընդդիմությունը լավ կանի՝ արագ հետքայլ անի, քանի որ ժողովուրդը վարչապետի կողքին է – Լուսանկարներ

Գյումրու Վարդանանց հրապարակից ավտոբուսները, միկրոավտոբուսները և անհատներն իրենց մեքենաներով շարժվեցին Երևան՝ միանալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթին: Բոլորը լրագրողների հետ զրույցում հաստատեցին՝ եկել են ինքնակամ, որևէ մեկից ո՛չ ցուցում են ստացել, ո՛չ պարտադրանք է եղել:

Հրապարակում ներկա ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն ասաց՝ մարդիկ գնում են, որ թույլ չտան նախկին ռեժիմի վերադարձը: Այսօր կրկին իրենց քայլն են անում:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե կլինի մեկ քաղաքացի, որին ստիպել են, որ մասնակցի այսօրվա երթին, թող բարձրաձայնի: Վստահ եմ, որ նման բան չկա: Հազարավոր քաղաքացիներ մեզ դիմել են, խնդրել են, որ աջակցենք, հնարավորության դեպքում լուծենք իրենց տեղափոխման խնդիրը»,- ասաց Սարուխանյանը:

Միկրոավտոբուսները քաղաքային երթուղիներինն են, սակայն, ըստ Սարուխանյանի, քաղաքային իշխանությունները որևէ բանի հետ կապ չունեն: Միկրոավտոբուսները վարձակալել են: «Մեզ ճանապարհին շատերը կմիանան, կրկին՝ իրենց կամքով և որոշումով»,- տեղեկացրեց պատգամավորը:

«Փաշինյանն ազնիվ, լավ, մաքուր աշխատող է, ռոբասերժականները ստոր են, Նառան իրեն մասին չի՞ մտածե, իրանց ղղյակները թողել, ընկել են Նիկոլի հետևից: Ջավախքի հայությունը ոտքի է ելած, որ գա Երևան»,- ասաց երթին մասնակցելու համար հատուկ Գյումրի եկած ջավախքցի մի կին:

Մեկնողներից մեկն էլ նշեց, թե ընդդիմությունը լավ կանի՝ արագ հետքայլ անի, քանի որ ժողովուրդը վարչապետի կողքին է, սատարում են իրենց ընտրած ղեկավարին:

Կարեն Սարուխանյանն անդրադարձավ նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության պահանջներին: Ասաց՝ կուսակցությունն անլուրջ է վերաբերվում ստեղծված իրավիճակին: «Մենք առաջարկել էինք անցկացնել արտահերթ ընտրություններ, ԼՀԿ-ի կողմից հստակ մերժվել է այն, հիմա էլ երևի փոշմանել են: «Լուսավոր Հայաստանը» իրավունք չունի պարտադրանքի լեզվով խոսել իշխող քաղաքական ուժի հետ»,- ասաց պատգամավորը: