• Fri. Apr 23rd, 2021

«Մարտի 1»-ը մնում է նախկին երկու իշխանությունների հակամարդկային, մարդասպան դիմագծի վկայությունը

Լրացավ 2008 թվականի Մարտի 1-ի ոճրագործության 13-րդ տարելիցը։ Մինչև Արցախյան երկրորդ պատերազմը մեզ թվում էր, որ ավելի դաժան ու աննախադեպ արհավիրք չի կարող պատուհասել մեր ժողովրդին։ Ավաղ․․․

2008 թվականի մարտի 1-ը մնում է Հայաստանի նորագույն պատմության ամոթն ու խարանը, նախկին երկու իշխանությունների հակամարդկային, մարդասպան դիմագծի վկայությունը։ 2008 թվականի Մարտի 1-ը նախորդող փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների շարունակությունն էր։ Խայտառակ ընտրախախտումներով տեղի ունեցած ընտրություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը հռչակվեց նախագահ, տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց՝ խաղաղ ցույցերի, որոնք շարունակվեցին ուղիղ տասը օր։ Դրանք ընթացան ամբողջությամբ օրենքի սահմաններում, առանց որևէ միջադեպի ու օրինախախտման։

Իշխանությունը, սակայն, խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու և նրանց վրա կրակելու որոշում կայացրեց։ Մարտի 1-ի գիշերը ոստիկանական և հատուկ նշանակության ուժերը հարձակվեցին Ազատության հրապարակում գիշերող խաղաղ ցուցարարների վրա, իսկ արդեն օրվա ընթացքում Երևան բերվեց բանակը, հրապարակ հանվեց օլիգարխների հանցագործ թիկնազորը, որոնք արդեն երեկոյան հարձակվեցին Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում կրկին խաղաղ հավաք իրականացնող քաղաքացիների վրա։

Մարտի 1-ի արդյունքում զոհվեց 10 քաղաքացի, հարյուրավորները վիրավորվեցին, ավելի քան 150 մարդ դարձավ քաղբանտարկյալ, երկիրը գլորվեց խորը քաղաքական ու բարոյական ճգնաժամի մեջ։ Սերժ Սարգսյանն ի վերջո նախագահ հռչակվեց արյան ու մարդկային կյանքերի գնով, ինչի համար, սակայն, վճարեց ոչ թե ինքը, այլ Հայաստանի Հանրապետությունը՝ միջազգային ամենատարբեր ատյանների կոշտ գնահատականներով, աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից հանուն ոչ լեգիտիմ իշխանության ճանաչման Հայաստանին պարտադրված օրակարգերով։

Հայաստանը մինչև այսօր էլ չի թոթափել 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի բեռը և չի ազատվելու դրանից այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջությամբ բացահայտված չեն սպանությունների իրականացնողներն ու նրանց հրամաններ արձակած պաշտոնյաները՝ սկսած բանակի ներկայացուցիչներից մինչև երկրի թիվ մեկ պաշտոնյան։

Նախօրեին նախագահի հետ իմ հանդիպումը և հաջորդած շփումները բոլոր՝ իշխանական և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող շրջանակների հետ իրավիճակը անցնցում հանգուցալուծելու համար բավարար պայմանների մասին է խոսում։ Իհարկե նախագահն է որոշողը՝ որչափ է պատրաստ իր բաժին պատասխանատվությունը իրացնել։

Նախագահի մտահոգությունները ստեղծված իրավիճակի և յուրաքանչյուրիս՝ ստեղծված իրավիճակը պատասխանատվությամբ գնահատելու վերաբերյալ, առավել քան հասկանալի է։ Այսօր սպասվող իրադարձություններն անխոս կազդեն գործընթացների վրա։ Մինչ այդ խնդրում եմ, որ իշխանության անունից հանդես եկող որոշ գործիչների անպատեհ հայտարարություններով չսրեն իրավիճակը։

Այդ անհեթեթ հայտարարություններից առիթավորվող որոշ «ընդդիմադիրներին» խորհուրդ կտամ հանգիստ հետևել իրադարձությունների ընթացքին։ Իրենց հայտարարությունները, իրենք առհասարակ գործընթացի վրա որևէ ազդեցություն չունեն։ Նախագահի փաստաբանի դիրքերից հանդես գալուց առաջ հիշեք նախկինում ձեր արած հայտարարությունները, վարքը։ «Տոժե մնե»։ Բոլորիդ հատ-հատ ճանաչում ենք, ընդ որում խորքից։