• Fri. Apr 23rd, 2021

Նիկոլ Փաշինյանը ելույթի ժամանակ արտասվեց. մեր սխալների պատճառներից մեկը սիրված լինելն է եղել

Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը սկսվեց օրհներգով եւ Արցախյան 2-րդ պատերզմի ու Մարտի 1-ի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո: 

«Գիտեք, որ մենք շատ դժվար ժամանակներով ենք անցնում եւ մտահոգվելու, անհանգստանալու բազմաթիվ պատճառներ ունենք, բայց ես ուզում եմ, որ մենք այսօր, այս հրապարակում, այս գարնան առաջին օրը իրար լիցքավորենք էներգիայով, հաղթանակով, դուխով, լավատեսությամբ». Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահաավաքն այսպիսի խոսքերով բացեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով տարբեր շրջանակների կողմից տարածվող լուրերին, թե «հրապարակում այսպես ասած՝ բերված մարդիկ են», Փաշինյանը նկատեց. «Այդ փաստին անդրադառնալու մի ձեւ կա, այդ հարցին պատասխանելու մի ձեւ կա՝ հրապարակի հավաքականությունը, թե առաջին շարքից մինչեւ վերջին շարքը ինչպես են մարդիկ մասնակցում եւ հաղորդակցվում հարթակի հետ: Ուրեմն մենք այսօր՝ գարնան առաջին օրը պետք է ցույց տանք, որ ինչպես եղել ենք, այնպես էլ կանք եւ կլինենք միասին որպես ՀՀ հպարտ, լավատես, դուխով քաղաքացիներ»:

Վարչապետի այս խոսքին հետեւեց հավաքվածների բուռն ողջույնը եւ «Նիկոլ, վարչապետ» վանկարկումները:

Շարունակելով ելույթը՝ Փաշինյանն ասաց, որ 2008-ի մարտի 1-ին հաջորդած տարիներին այս օրվա հավաքները տեղի էին ունենում 10 զոհերի հիշատակը հարգելու նպատակով: «2021 թվականի մարտի 1-ը, սակայն, դիմավորում ենք բոլորովին այլ իրավիճակում. Ղարաբաղյան 2-րդ պատերազմի ծանր հետեւանքները, մեր հազարավոր զոհերի փաստը, մեր անհետ կորածների առկայությունը, մեր բազմաթիվ եղբայրների եւ քույրերի գերեվարված լինելու հանգամանքը, բռնության շարունակական քարոզը, զինված ուժերը եւ դատական համակարգը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը մեր առաջ դրել են բոլորովին այլ մարտահրավերներ: Այդ մարտահրավերների կառավարումից է կախված մեր երկրի եւ ժողովրդի ապագան»,- ընդգծեց վարչապետը:

Ըստ նրա՝ հասել ենք մի կետի, որ սպառում ենք սխալվելու մեր հնարավորությունները: «Մեր անկախության 31 տարում մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները, բոլոր սխալները, որ հնարավոր էր տեսականորեն եւ գործնականում: Վերջին 2 տարի 10 ամսում նույնպես մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները, ես նկատի ունեմ հեղափոխությունից հետո: Խոսքը մեր կառավարության մասին չէ, խոսքն անձամբ իմ մասին է: Եվ ես ուզում եմ ձեզնից բոլորից, ՀՀ բոլոր քաղաքացիներից, սփյուռքի բոլոր հայերից, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներից ներողությունուն խնդրել իմ թույլ տված բոլոր սխալների համար»,- նշեց Փաշինյանը:

Նա վստահեցրեց՝ շատ է մտածել, թե որտեղ է սխալվել: Ասաց, որ այդպիսի կոնկրետ դեպքեր, իհարկե, կարելի է թվարկել, բայց ավելի կարեւոր է, թե ինչու են սխալվել:

«Որքան էլ տարօրինակ թվա՝ մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր սիրված լինելն է եղել որպես իշխանություն: Մենք այնքան սիրված ենք եղել, որ ձգտելով արդարացնել ժողովրդական այդ սերը եւ մեր սերը ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ, ցանկացել ենք ամեն ինչ անել ճշգրիտ եւ կատարյալ: Եվ կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության: Երբեմն իրադրության բերումով անխուսափելի է եղել ընտրությունը վատի ու վատթարագույնի միջեւ, բայց մենք հրաժարվել ենք կատարել այդ ընտրությունը, մտածելով, որ ժողովուրդը մեզ իշխանության չի բերել, որ մենք իր առաջ դնենք վատը կամ վատթարագույնը, ժողովուրդը մեզ իշխանության է բերել, որ մենք իր համար ընտրություն ձեւավորենք լավի ու լավագույնի միջեւ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ փնտրուտուքը բերել է նրան, որ հասկանան՝ լավագույն ընտրությունը պիտի լիներ վատի ընտրությունը:

Ամփոփելով ելույթի այս հատվածը՝ վարչապետը ժողովրդից ներողություն խնդրեց երրորդ հանրապետության բոլոր իշխանությունների բոլոր սխալների համար:

«Բայց սա չեմ ուզում հնչի որպես ափսոսանք, այլ հնչի նշան մեր հաստատակամության, որ մենք՝ ՀՀ հպարտ քաղաքացիներս, երբեք չենք հանձնվի հանուն ազատ և երջանիկ Հայաստանի մղվող մեր պայքարում: Կունենանք այնքան կամք ու հաստատակամություն, սեր ու վճռականություն, որ հետևողականորեն կաշխատենք հետևություններ անել անկախությունից ի վեր մեր արած բոլոր սխալներից: Ոչ միայն կկրկնապատկենք երջանիկ ու հզոր հայրենիք ունենալու մեր ջանքերը, այլ առավելը կանենք այդ ջաներն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- նկատեց Փաշինյանը:

Վարչապետը կարեւոր համարեց այս շրջանում կամք ունենալն ու անկախությունից ի վեր ունեցած նվաճումները պահելը. «Մենք խոսում ենք սխալներից, բայց դա չի նշանակում, թե չենք ունեցել նվաճումներ: Մեր մեծագույն խոստումը պետք է լինի այդ նվաճումներհ պահպանելը: Նվաճումներից մեկը ժողովրդի իշխանություն ձևավորելու իրավունքն է: Եվ բոլոր ճգնաժամերը, որ ունենք, պետք է լուծվեն ոչ թե ժողովրդի սահմանադրական իշխանության հաշվին, այլ ընդհակառակը՝ ժողովրդի իշխանության ինքնահաստատմամբ: ՀՀ-ում միայն ժողովուրդը պետք է որոշի  ով լինի իշխանություն, ով՝ չլինի: Ժողովրդի իշխանությունը ցանկանում են խլել և մենք հավաքվել ենք հրապարակում, որպեսզի ասենք, որ դա թույլ չենք տալու: Թույլ չենք տալու տասնամյակների զրկանանքների ու պայքարի արդյունքում ձեռք բերած նվաճումը ոչնչացնել: ՀՀ քաղաքացին ինչպես եղել է, այդպես էլ շարունակելու է մնալ բարձրագույն իշխանություն Հայաստանի Հանրապետությունում»: