• Fri. Apr 23rd, 2021

Մարուքյանը նորմա՞լ է համարում, որ ԳՇ պիտի քաղաքական պայմանավորվածության մաս դառնան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը տրամաբանական չէ մի շատ պարզ պատճառով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ պարզաբանելով.

«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ փաստացի այդ առաջարկով էդմոն Մարուքյանը նորմալ է համարում, որ ԳՇ պետը եւ ԳՇ պետի տեղակալը պիտի դառնան քաղաքական գործոն, եւ իրենց նշանակումը կամ ազատումը կամ չազատումը պիտի դառնան քաղաքական պայմանավորվածության մաս: Այդպես չի կարող լինել, եւ դա, բնականաբար, չի կարող նախապայման լինել արտահերթ ընտրությունների համար»:

Ըստ Ռուբինյանի՝ տրամաբանական կլիներ, որ առանց որեւէ պայմանի Էդմոն Մարուքյանը հայտարարեր, թե իրենք պատրաստ են ստորագրել հուշագիր՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Այդ դեպքում, ըստ նրա, հնարավոր կլիներ առաջ գնալ:

Լրագրողի դիտարկմանը, թե իշխանությունն էլ է պայմաններ ներկայացնում, Ռուբինյանը արձագանքեց, որ Մարուքյանի ասածը պարզապես անընդունելի է. «Պատկերացրեք՝ մի ինչ-որ վերացական աշխարհում, որտեղ պարոն Մարուքյանը դառնում է վարչապետ, եւ դրանից, ասենք, 2 օր հետո մի զինվորական, որն այդ պահին ԳՇ պետն է, պահանջում է էդմոն Մարուքյանի հրաժարականը: Վե՞րջ, այսինքն՝ դա պիտի դառնա պայմա՞ն, այսինքն՝ մենք պիտի մտնենք մի անվերջանալի ցիկլի մեջ, երբ որ զինվորականությունը պիտի խառնվի քաղաքականության մեջ, եւ իրենց ազատումը կամ չազատումը պիտի դառնան որեւէ պայմա՞ն: Դա անընդունելի է ոչ միայն ինձ համար կամ մեր քաղաքական ուժի համար, դա անընդունելի է ժողովրդավարության եւ սահմանադրության տեսանկյունից»,- հավելեց նա:

Իսկ ո՞րն է այս իրավիճակի լուծումը, ի՞նչ է առաջարկում իշխանությունը՝ բացի հանրահավաքից. լրագրողի այս հարցին պատասխանելով՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասաց, որ լուծումը հետեւյալն է. «Օնիկ Գասպարյանը կա՛մ պիտի պաշտոնից ազատման դիմում գրի, կա՛մ Հանրապետության նախագահը ստորագրի Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը, որից հետո կսկսենք կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ»:

Ռուբինյանի համոզմամբ՝ կեղծ է այն մտայնությունը, թե իբր առանց ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավոր է որեւէ քայլով ապահովել կայունությունը: «Այն պայմաններում, երբ ԳՇ պետը իրեն դրել է քաղաքական գծից ներս, դա չի կարող կայունություն ապահովող իրավիճակ համարվել»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ երբ ԳՇ պետը քաղաքականություն մուտք գործելու հայտ է ներկայացնում կամ քաղաքական հայտարարություն է անում՝ դա ավտոմատ կերպով իրեն անհամատեղելի է դարձնում իր զբաղեցրած պաշտոնի հետ: