• Fri. Apr 23rd, 2021

Չորրորդ հանրապետություն, թե՝ խոհեմություն

«Ես հույս եմ հայտնում, որ Արմեն Սարգսյանը, լինելով բազմափորձ պետական գործիչ, կկայացնի այն որոշումը, որը բխում է ՀՀ ժողովրդի, պետության կայունության շահերից»,- այսօրվա հանրահավաքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի ստորագրման գործընթացը։

Նա հիշեցրեց, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու մասին իր առաջարկությունը նախագահն առարկություններով վերադարձրել է։ Կառավարությունն էլ իր առարկություններով դարձյալ այն ուղարկել է նախագահին։

Ըստ Փաշինյանի՝ Արմեն Սարգսյանը վատառողջ է։ «Ես այսօր այցելել եմ նրան և ուզում եմ իմ անունից, մեր բոլորի անունից առողջություն մաղթել և շուտափույթ ապաքինում»,- ասաց Փաշինյանը։

Այսօր Նիկոլ Փաշինյանը այցելել է նախագահ Արմեն Սարգսյանի տուն։ Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանն ասել է, որ ամեն ինչ կանի սահմանադրական իրավասությունների շրջանակներում, իսկ Փաշինյանն էլ այցելել է իրեն իր առողջական վիճակով պայմանավորված։

Երեկոյան հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ հոկտեմբերին կարող է սահամանադրական հանրաքվե անցկացվել, որի մի տարբերակը կլինի կիսանախագահական համակարգին վերադառնալը։

Ինչպես նկատում են փորձագետները, Հայաստանում ծավալվող իրադարձությունների ֆոնին նախագահի ինստիտուտը դառնում է այն եզակի ատյանն Հայաստանում, որին ստիպված է դիմել նույնիսկ Նիկոլ Փաշինյանը։ Գուցե հենց դա է ստիպել Փաշինյանին խոսել սահմանադրությունը փոխելու եւ կիսանախագահական կառավարմանը վերադառնալու մասին։

Մինչ այդ, Արմեն Սարգսյանը կոչ էր արել վերջ դնել սահմանների անօրինական դեմարկացիային, որը սկսվել էր եռակողմ հայտարարությունից հետո։

«Ֆրանսիան հանդես է գալիս Հայաստանում երկխոսության օգտին, որը կառուցված կլինի նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության վրա», ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Լը Դրիանը ԳՇ հայտարարությունից հետո։

Արմեն Սարգսյանն ըստ երեւույթին իր տեսլականն ունի։

2021 թ․ հունվարի 11-ին Արմեն Սարգսյանը հրապարակել է «Դեպի Չորրորդ հանրապետություն» հոդվածը։ «Միակ տրամաբանական և քաղաքակիրթ դեղատոմսը խելամիտ ժամկետներում արտահերթ ընտրություններն են՝ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության անհրաժեշտ փոփոխություններով, որոնք թույլ կտան պետական շինարարության իրական գործընթացն սկսել մաքուր էջից: Մինչ այդ, իշխանության օրինական, հավասարակշռված և անաչառ ճյուղերից մեկի՝ Նախագահի ինստիտուտի օգնությամբ պետք է ձևավորվի Ազգային համաձայնության կառավարություն», գրել է Արմեն Սարգսյանը։

«Հայաստանի «Երրորդ Հանրապետությունը» այլևս անցյալ է։ Պատերազմի պատճառած համազգային ցնցումից ու պարտադիր անցումային փուլից հետո մենք պետք է ձեռնարկենք նոր պետության կառուցումը, որը պայմանականորեն այս հոդվածում անվանում ենք «Չորրորդ Հանրապետություն»: «Չորրորդ Հանրապետությունը» պետք է դառնա մեր ժողովրդի նոր գաղափարական, հայեցակարգային և բովանդակային հիմքը: Շեշտը դրվելու է պետության որակի վրա, որը պահանջում է ամբողջ աշխարհի մեր հայրենակիցների հետ փոխհարաբերությունների համակարգի արմատական վերանայում: Աշխարհաքաղաքական ընկալումները, քաղաքականությունը, տնտեսությունը, անվտանգությունը, ռազմաարդյունաբերական համալիրը, բժշկությունը, գիտությունն ու կրթությունը ստեղծում են մարդիկ, և այսօր մենք լավագույն մասնագետների սուր կարիք ենք զգում: Դրա համար բավական է վերացնել Հայաստանի և հայկական համայնքների միջև արհեստականորեն ստեղծված բեռլինյան պատերը (որոնք առկա են Սահմանադրության մեջ եւ օրենքներում)», ասել է Արմեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Լոնդոնից Երեւան վերադառնալուն պես Արմեն Սարգսյանն անմիջապես իր մոտ է հրավիրել Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրենին եւ խստորեն հաշվետվություն է պահանջել։