• Fri. Apr 23rd, 2021

Պատգամավոր Հակոբ Ասլանյանին հարվածած անձը ձերբակալվել է

Ձերբակալվել է Ազգային ժողովի անցակետի մոտ պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա հարձակում գործած ու նրան հարվածած 47-ամյա տղամարդը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ ներկայացնելով մանրամասներ:

Հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 26-ին՝ ժամը 13.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին Ազգային ժողովի պատգամավորից հաղորդում է ստացվել, որ Ազգային ժողովի շենքի՝ Բաղրամյան պողոտայի անցակետի մոտ անծանոթ անձը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իրենց խմբակցության պատգամավորների հասցեին։ Երբ պատգամավորը փորձել էր կարգի հրավիրել քաղաքացուն, նա բռունցքով հարվածել էր պատգամավորի դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է պատգամավորին հարվածած անձի ինքնությունը։ Փետրվարի 27-ին՝ ժամը 08.45-ին, նախկինում առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար դատապարտված 47-ամյա տղամարդը Նոր Նորքի 8-րդ զանգվածում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն։ Հարուցվել է քրեական գործ։

ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին հայհոյած ու նրան բռունցվքով հարվածած անձը ազատ է արձակվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը՝ նշելով.

«Դատարանը ճանաչեց Հակոբի ձերբակալման ոչ իրավաչափ լինելը և ազատ արձակեց վերջինիս։

Շնորհակալ եմ դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ օբյեկտիվ որոշման համար։

Հիշեցնեմ, որ Հակոբը հայհոյել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին։

Նշեմ նաև, որ պաշտպանյալս Արցախյան ազատամարտի մասնակիցներից է եղել՝ 17 տարեկան հասակում կամավորական հիմունքներով միացել է մեր նոր կազմավորվող բանակին և մասնակցել է մի շարք թեժ մարտերի»։

Ըստ ոստիկանության՝ պատգամավորին հայհոյած անձը ձերբակալվել էր փետրվարի 27-ին՝ ժամը 08:45-ին, Նոր Նորքի 8-րդ զանգվածում: Նշվում է, որ  նա նախկինում առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար դատապարտված է եղել: