• Fri. Apr 23rd, 2021

Պետք է պարզապես հասկացող մարդիկ դեմ կանգնեն 16+-ի վերարտադրմանը, իշխանազավթման պրոցեսին

Այսօր լրանում է Մարտի 1-ի ոճրագործության 13-րդ տարելիցը։ Սահմանադրական կարգը 2008 թվականի հետընտրական գործընթացների ժամանակ տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների գործը դեռ ընթացքի մեջ է։ Առ այսօր որևէ մեկը պատասխան չի տվել Երևանի կենտրոնում գնդակահարված առնվազն 10  քաղաքացիների և  բազմաթիվ վիրավորների համար։

Զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ասաց, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կմասնակցեն զոհերի հիշատակին նվիրված պատարագին և ծաղիկներ կխոնարհեն Մյասնիկյանի արձանի մոտ։

Հարցին շարունակո՞ւմ են սատարել Փաշինյանին ու իր իշխանությանը, Քլոյանը պատասխանեց. «Իհարկե կառվարության կողքին ենք, բա ու՞մ կողքին լինենք։ Այդքան պայքարել, կռվել ենք Նիկոլի հետ, նույն նավի վրա ենք եղել։ Նա պաշտոնապես ներողություն խնդրեց Մարտի 1-ի զոհերի հարազատներից։ Նաև՝ պաշտոնապես առաջին անգամ ճանաչեց 2008 թվականի Մարտի 1-ի ոճրագործությունը, ծաղիկներ խոնարհեց այն փողոցի վրա, որտեղ զոհվել են մեր երեխաները։ Իհարկե Նիկոլի կողքին ենք լինելու, մինչև վերջնական դատական ակտի կայացումը»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Մարտի 1-ի զոհ Տիգրան Խաչատրյանը մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, ով բնակվում է Բելգիայում նշեց՝ թեպետ կառավարությունը շատ սխալներ է թույլ տվել այս ընթացքում, բայց երբ նայում ես՝ ով է այլընտրանքը, ակամայից սատարում ես իշխանություններին. «Ուզենք թե չուզենք՝ պետք է իշխանությունների կողքին լինենք, որպեսզի այդ գիշատիչները չգան։ Ես նայեցի այդ 16+-ի բեմականացումը Չաուշեսկիների գնդակահարության հետ կապված և ցնցվեցի։ Որոշ մարդիկ էլ կանգնած ծափ էին տալիս։ Բայց նաև մի բան եմ իրենց ուզում ասել՝ բեմականացնել պետք չէ, որովհետև ուղիղ 13 տարի առաջ մարտի 1-ին դուք դա իրականում արդեն արել եք։ Այնտեղ կանգնած ուժերի 80 տոկոսը մարտի 1-ի սպանդի կազմակերպիչներն են։ Մյուս կողմից էլ ուրախ եմ, որովհետև այնտեղ ժողովուրդ չկա։ 20 տոկոսն էլ գուցե մոլորյալներ են, բայց երբ նայում էր, թե ինչպես էր հրճվում, օրինակ, Մարգարիտ Եսայանը, ինձ համար դա նորություն չէր։ Հարգելիներս պետք չէ կազմակերպել թատրոն, դուք դա արել եք իրականում 13 տարի առաջ ու մենք դա արդեն տեսել ենք»։

Ալլա Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ իշխանությունները մեղավոր են, որ մարտի 1-ի կազմակերպիչները իրենց պատիժը կրելու փոխարեն նման բեմականացումներ են անում ու մարդկանց ահաբեկում ապագա սպանություններով. «Դուք գիտեք, որ նախքան պատերազմը ծնողներն արդեն հրաժարվել էին մարտի 1-ի դատավարությանը մասնակցել ու դրանով արտահայտել բողոքը։ Ես միշտ հույս եմ ունեցել և հիմա էլ շարունակում եմ համոզմունք հայտնել, որ մարտի 1-ը բացահայտվելու է։ Հույս ունեմ, որ կլինեն արտահերթ ընտրություններ ու դրանից հետո դատաիրավական համակարգի փոփոխություններ։ Այսօր իշխանությունները թուլացած վիճակում են ու այս պահին ճիշտ չեմ համարում իրենց հետ հույս կապել։ Պետք է պարզապես հասկացող մարդիկ դեմ կանգնեն 16+-ի վերարտադրմանը, իշխանազավթման պրոցեսին։ Պետք է լինեն ազատ ընտրություններ։ Այս պահին դատավորները կանգնած են 16+-ի կողքին, նրանք չեն սպասարկում արդարադատությանը, ես ի՞նչ հույս ունենամ իրենցից»,-եզրափակեց նա։