• Fri. Apr 23rd, 2021

Ռուսաստանը համաձայն է Ալիևի հետ, թե նրա հռետորաբանությամբ կարևորում է իր անելիքը

Ինչի համար, ի՞նչ նպատակով է Ռուսաստանը մասնակցում հայկական բանակի արդիականացմանը, օրերս տեղի ունեցած ասուլիսում հարց է տվել Բաքվի ղեկավար Ալիևը:

Ռուսաստանից դեռևս որևէ մեկը չի արձագանքել այդ հարցին, այդ թվում և այն «ապոլոգետները», այդ թվում՝ հայկական ազգանունով կամ իբրև թե հայամետի համբավով, որոնք առավոտից երեկո ամենաագրեսիվ ոճով փորձում են արձագանքել Հայաստանի վարչապետի կամ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի որևէ հայտարարության, որտեղ դույզն իսկ առիթ են գտնում այսպես ասած «հակառուսականություն» մոգոնելու համար: Ալիևի այդ հայտարարության հանդեպ նրանց լռությունը վկայում է երկու բան՝ կամ պաշտոնական Ռուսաստանի լռություն, և, ըստ այդմ, նաև թուլություն Ալիևի նկատմամբ, կամ վկայում է այն մասին, որ Հայաստանի քաղաքական ղեկավարության վրա առավոտից երեկո հարձակվող ռուսական, այսպես ասած, քաղաքագիտական-հաղորդավարական դասը, այդ թվում՝ հայկական ազգանուններով, սնվում է պարզապես ալիևյան աղբյուրներից, հետևաբար՝ չի կարող խոսել Ալիևի դեմ: Մասնավորապես, չի կարող Ալիևին ասել՝ քո ինչ գործն է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունն ու դաշնակցությունը, քո ինչ գործն է, թե Ռուսաստանը ինչ հարաբերություն է կառուցում Հայաստանի հետ, ինչ հարաբերություն է կառուցում բանակի արդիականացման հարցում և այլն:

Այդ իրավիճակը արտացոլում է ժամանակակից Ռուսաստանի առանցքային հարթություններից մեկի՝ այսպես ասած մեդիափորձագիտական իրավիճակի էությունը, ինչն իր հերթին ժամանակակից ռուսական պետականության էության, բաղադրության, տենդենցների որոշակի ինդիկատոր է: Այդ պետականությունը ներկայումս իր մի առանցքային սեգմենտի առումով գտնվում է թուրք-ադրբեջանական «հաճկատարության» ռեժիմում, երբ կարող են առավոտից երեկո հարձակվել իրենց ռազմավարական դաշնակցի, նրա արժեքների վրա, ընդ որում՝ բոլորովին էլ ոչ միայն թավշյա հեղափոխությունից հետո, այլ նաև դրանից առաջ (Նժդեհի դեմ գրոհներն, օրինակ, ամենևին նոր չեն սկսել, այլ դեռևս 2016 թվականից):

Ասել կուզի, այդօրինակ վիճակի բացատրությունը բացարձակապես «հեղափոխությունը» չէ, այլ ռուսական պետականության ներկայիս բնույթն ու աշխարհաքաղաքական իրողություններն ինքնին, երբ այդ պետականությունը իր համաշխարհային հավակնություններով հանդերձ, տեղեկատվա-քարոզչական դաշտում մնացել է իր միակ ռեգիոնալ դաշնակից համարվող պետության դեմ թուրք-ադրբեջանական պրոպագանդային մատուցվող, ուղղակի թե անուղղակի, ծառայությունների հույսին: