• Fri. Apr 23rd, 2021

Սադրանք՝ սխալ զեկույց, ապակողմնորոշում և հրապարակային հայտարարության «կորզում»

«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին՝ վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ:

Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»: Այդ միտքը «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան արտահայտել է Հայաստանի վարչապետի խոսնակը, իսկ թեման «Իսկանդեր»-ն է, դրա հրթիռների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը:

Ինչպես ասում են՝ ստացվում է բավականին անհարմար, անլուրջ, վտանգավոր իրավիճակ: Համենայնդեպս, խոսնակի պարզաբանումն առաջ է բերում մի շարք հարցադրումներ և տալիս տարբեր մտորումերի տեղիք: Նախ՝ առաջանում է հարց, թե ո՞վ է սխալ զեկուցողը: Կամ՝ ո՞ր կառույցն է սխալ զեկուցողը: Արդյո՞ք ակնարկը ուղղված է Գլխավոր շտաբին, բարձրաստիճան զինվորականությանը, որը «Իսկանդեր»-ի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո հանդես եկավ նրա հրաժարականի կոչով:

Արդյո՞ք տեղի է ունեցել սադրանք՝ սխալ զեկույց, ապակողմնորոշում և հրապարակային հայտարարության «կորզում», որից հետո էլ ստեղծվել է այդպիսի կոչի կամ հայտարարության նախադրյալ: Մյուս կողմից՝ արդյո՞ք իրականում չկա որևէ սխալ զեկուցում, պարզապես կա Ռուսաստանի պահանջ՝ այսպես ասած, հերքել սեփական խոսքը, այսպես ասած՝ վերցնել հարվածն իր վրա և այդպիսով «փրկել» «Իսկանդեր»-ի և Ռուսաստանի ռազմարդյունաբերության պատիվը, որից հետո Ռուսաստանը կօգտագործի իր ազդեցությունն ու, այսպես ասած, կօգնի Նիկոլ Փաշինյանին զինվորական ապստամբության կամ հեղաշրջման օդում կախված վտանգը հանգուցալուծելու հարցում:

Ի դեպ, հատկանշական է, որ «Իսկանդեր»-ի վերաբերյալ վարչապետի խոսնակի պարզաբանմանը զուգահեռ՝ տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ, որի արդյունքում ԱԽ-ն կոչ է արել նախագահ Սարգսյանին ստորագրել ԳՇ պետի պաշտոնանկության վարչապետի առաջարկը: