• Fri. Apr 23rd, 2021

Վճռորոշ հանրահավաք՝ խրոխտ քայլերից առաջ

Չեմ հիշում գոնե մեկ դեպք, երբ Փաշինյանը դիմեր ժողովրդին և չստանար սպասվածին գերազանցող աջակցություն։ Բայց, դրան հակառակ, երեք տարի շարունակ դիմում ենք թավիշը վերացնելու պահանջով ու անտեսվում։

Մի՞թե միայն վրեժխնդրության մղումով էր կտրուկ քայլերի պատվիրակումը, իհարկե՝ ոչ։ Մեր խոհեմ ազգը հասկանում էր, գիտակցական ու ենթագիտակցական մակարդակներով, որ նախկինների՝ ազատության մեջ մնալն ու գործելը կարող են հանգեցնել անչափելի աղետների։ Ինչը և, դժբախտաբար, պատերազմի ընթացքում կատարվեց, բայց դեռ չի հասել գագաթնակետին։

Պետական կառավարման, դատաիրավական ու լրատվական համակարգերը ամբողջովին մնացել են հեղափոխությունից մեկուսի։
Հիմա էլի ուշ է, բայց ո՛չ ուշացած, պետք է ի մի բերել հեղափոխությունը կատարած երիտասարդների ներուժը, կադրային փոփոխություններ իրականացնել, լեզու գտնել թալանչիների ձևաչափից դուրս գտնվող քաղաքական միավորների հետ, ռազմաճակատում իրենց փայլուն դրսևորած հրամանատարների սերուցքը համախմբել ազգափրկիչ գաղափարի շուրջ և ամենժամյա միասնական ծրագրով ընթանալ հիմնախնդրի հանգուցալուծման ճանապարհով։

Մեր բոլոր թշնամի պետությունները ատամները սրած՝ սպասում են ժողովրդավարական իշխանությունների տապալմանը, որ մտնեն ու իրենց պատառը պլոկեն։ Իսկ ներսի թշնամուց ներում և ողորմածություն չսպասեք, նրանք պատրաստ են կոտորել ազգաբնակչության կեսին՝ իրենց վերադարձի և հարստությունները պահպանելու համար։ Եվ առաջին հերթին՝ Նիկոլի ընտանիքին։

Այնպես որ՝ մարտի 1-ի հանրահավաքը ամենաբախտորոշն է ու վճռականը։ Տեսնենք՝ պահպանվե՞լ է ազգիս պայքարելու և հաղթելու ավյունը։ Հակառակ դեպքում կճաշակենք նոր Մարտի 1 ու Հոկտեմբերի 27՝ մեկ ափսեում։

Միքայել Միրիջանյան; «Արահետ» պարբերականի գլխավոր խմբագիր