Այսօր՝ մարտի 1-ի երեկոյան հանրահավաք են հրավիրել իշխանությունը, և՛ ընդդիմությունը:
Որոշ քաղաքական կուսակցություններ էլ տեղեկացրել են հավաք անցկացնելու մասին՝ ի հիշատակ 13 տարի առաջ այս օրը՝ Մարտի 1-ին քաղաքացիական բախումների հետևանքով զոհվածների հիշատակին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը տեղի կունենա 18:30-ին, Հանրապետության հրապարակում: Հանրահավաքին կհետևի երթ:
Փաշինյանը հանրահավաք անցկացնելու մասին տեղեկացրեց շաբաթ՝ փետրվարի 27-ին, երբ պարզ դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը և այն առարկություններով ուղարկել է վարչապետի աշխատակազմ:
Այնուհետև վարչապետւ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց, որ հանրահավաքի ընթացքում մի շարք հարցերի է անդրադառնալու: «Հանրահավաքով նախ մենք պիտի վերահաստատենք մեր հանրության և ժողովրդի հաստատակամությունը`պաշտպանելու քաղաքացիական, ժողովրդական, սահմանադրական կարգը ՀՀ-ում և ժողովրդական իշխանությունը: Խոսքը ոչ թե այս կառավարության կամ իմ իշխանության պաշտպանության մասին է, այլ ժողովրդի իշխանության, ես Հայաստանում որպես այդպիսին իշխանություն չունեմ, իշխանություն ունի ժողովուրդը»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում չի լնելու նոր «Մարտի 1» և քաղաքացիական բախումներ:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կանդրադառնա Մարտի 1-ի դատավարությանը, ռազմական հեղաշրջման փորձին և նախագահի կայացրած, ինչպես Փաշինյանը բնորոշեց, անհասկանալի որոշմանը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ամիսներ առաջ արած հայտարարությանը Փաշինյանը հանրահավաքի ընթացքում նույնպես անդրադառնալու է:
Վարչապետը, հիշեցնենք, Հանրապետության հրապարակում հանրահավաք էր հրավիրել նաև փետրվարի 25-ին: Փաշինյանի՝ հանրահավաք անցկացնելու որոշմանը նախորդել էր ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում էին Փաշինյանի հրաժարականը: Վերջինս այս հայտարարությունը համարել էր ռազմական հեղաշրջման փորձ և ժողովրդին հրավիրել Հանրապետության հրապարակ: Հանրահավաքի ընթացքում Փաշինյանը ասել էր, որ կամ պետք է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարական տա, կամ նախագահ Արմեն Սարգսյանը պետք է ստորագրի համապատասխան հրամանագիրը:
Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» նույնպես այսօր՝ 18:00-ին հանրահավաք է անցկացնելու, որը կրում է «Ազգ-բանակ-հաղթանակ» անվանումը:
Հանրահավաքի վայրը Բաղրամյան պողոտան է, որը ընդդիմադիրները փակել են փետրվարի 25-ից: ԶՈՒ Գլխավոր շտաբի՝ վարչապետի հրաժարականը պահանջելու հայտարարությունից հետո ընդդիմության հավաքները կրում էին «Մենք բանակի կողքին ենք» խորագիրը: Փետրվարի 25-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելուց հետո «Հայրենիքի փրկության շարժման» անդամները երթով շարժվել են դեպի Ազգային ժողովի շենք: Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը հայտարարել են, որ իշխանափոխության հարցը լուծվելու է ԱԺ-ում՝ վարչապետին անվստահություն հայտնելու միջոցով և ընդգծել են, որ Բաղրամյանից չեն հեռանա, մինչև խնդիրը չլուծվի:
Մատենադարանի մոտ այսօր՝ 18:00-ին հավաք-համերգ է հրավիրել նաև Ազգային ժողովրդավարական-բևեռը՝ «ի հիշատակա համակարգի զոհերի»:
Նշենք, որ Ազգային-ժողովրդական բևեռը փետրվարի 26-ից սկսած հավաքներ է կազմակերպում Մատենադարանի մոտ:
Փետրվարի 26-ի հանրահավաքի ընթացքում «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց պայքարի նոր փուլ սկելու մասին՝ նշելով, որ ժողովուրդը այլևս չի հավատում ոչ ներկա իշխանություններին, ոչ նախկին քաղաքական ուժերին, և ցանկություն ունի տեսնել նոր ուժերի: «Այսօր, ի ուրախության մեզ, մեր բանակի անհնազանդության կամ, կարելի է ասել, ներազգային իմաստով ճշգրիտ դիրքավորման պատճառով մեր նման ուժերին այժմ հնարավորություն է բացվել երևալու մեր ժողովրդին և այստեղ մենք Ազգային-ժողովրդավարական բևեռով խնդիր չունենք սահմանափակվենք միայն այս թիմով, և մեր շուրջ համախմբված մեզ հավատացող բազմաթիվ հայ մարդկանցով խնդիր ենք դրել ընդլայնվելու և վերջապես այդ ազգային բևեռը ձևավորելու, որ կարողանանք հասնել ազգային պետության ստեղծման»:
Փետրվարի 27-ին և 28-ին նույնպես Ազգային ժողովրդական բևեռը հավաքներ է անցկացրել Մատենադարանի մոտ, իսկ փետրվարի 28-ի հավաքին հաջորդել է ջահերով երթը դեպի Գարեգին Նժդեհի արձան:
Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ 16:00-ին հավաք է անցկացնելու նաև նաև «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ հարգանքի տուրք մատուցելու 13 տարի առաջ այս օրը` մարտի 1-ին քաղաքացիակա բախումների հետևանքով զոհվածների հիշատակին: