• Fri. Apr 23rd, 2021

Բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը նախապես մտածված էր և դիտավորյալ է արվում

Ընդդիմության կողմից վերջին օրերին հրավիրված հանրահավաքների ընթացքում Գլխավոր շտաբի նախկի պետ Յուրի Խաչատուրովը ողջունում էր Գլխավոր շտաբի՝ վարչապետի հրաժարականը պահանջելու վերաբերյալ հայտարարությունը: ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Երեկվա հավաքին նա իր ելույթը սկսեց ազգ-բանակ-հաղթանակ վանկարկումներով: Այս կարգախոսը իրապես ընկած էր Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների կերտման հիմքում, որոնց մեջ իրենց ներդրումն են ունեցել Խաչատուրովը և մի շարք գեներալներ»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ այդ կարգախոսը փոխվել է հոկտմեբերի 27-ից հետո, երբ տարբեր առիթներով Զինված ուժերը քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից  են դարձել:

Ըստ պատգամավորի՝ այդ ժամանակ է բանակ ներթափանցել անտարբերությունն ու կոռուպցիան, որոնք հանգեցրել են 2016 Ապրիլյան պատերազմի պարտությանը և 2020 թվականի երկրորդ պատերազմի ընթացքում բանակի ոչ պրոֆեսիոնալ կառավարմանը: «Ինչպես Խաչատուրովը, այնպես էլ բազմաթիվ գեներալներ իրենց ծառայության ընթացքում բանակը քաղաքական նպատակների սպասարկու դարձնելու համար խրախուսվեցին ավելի բարձր կոչումներով և իրենց ուսադիրներին ավելացրին նոր աստղեր»:

Քոչարյանի խոսքով՝ այդ նույն գեներալներից ոմանք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Մարտի 1-ի դեպքերի ընթացքում 0038 հրամանով ուղղակիորեն մասնակցել են քաղաքական դրդապատճառներով բանակի օգտագործմանը։ «Հիմա, հետպատերազմյան այս բարդ ժամանակահատվածում, բանակը քաղաքական նպատակներով չօգտագործելու կոչեր անելու փոխարեն՝ Խաչատուրովը ողջունում է դրանք»:

Պատագամավորը նաև հավելեց, որ բանակին քաղաքական գործընթացներում ներքաշելը նախապես մտածված է և դիտավորյալ է արվում՝ ներքին անկայունություն ստեղծելու նպատակով։ «Նախքան Գլխավոր շտաբի հայտարարությունը՝ ընդդիմությունը բանակի գեներալներին ևս մեղադրում էր պարտության մեջ, սակայն ընդդիմադիրներն այժմ փոխել են պարտության վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ մեղադրելով միայն քաղաքական իշխանությանը: Պատերազմին հաջորդող ծանր ժամանակներում այս մարդիկ կախվել են բանակի փեշերից ու թույլ չեն տալիս, որ այն ֆիզիկապես և բարոյապես վերականգնվի»:

Ամփոփելով ելույթը՝ Քոչարյանն ասաց, որ այսօր գլխավոր խնդիրը ներքին անվտանգությունն ու կայունությունը ապահովելն է: «Զինված ուժերը միայն այդ հայտարարության տակ ստորագրած գեներալները կամ դրանց մի մասը չեն, այլ նաև զինվորները և սպայակազմը, որոնք հերոսաբար, 44 օր իրենց ուսերին կրեցին պատերազմի դժվարությունները։ Գլխավոր շտաբի ղեկավարության մի մասը իշխանությունը տապալելու նպատակով բացահայտ ռազմական հեղաշրջման փորձ է անում, որը պետք է խստորեն դատապարտվի։ Բանակն այս պահին՝ պաշտպանության նորանշանակ նախարարի գլխավորությամբ, պետք է աշխատի հրադադարի ռեժիմի պահպանման և զինված ուժերի ռեֆորմները անսասան իրականացնելու ուղղությամբ, իսկ մեզ համար գլխավոր խնդիրն է ներքին անվտանգության և կայունության ապահովումը»,- եզրափակեց պատգամավորը: