• Fri. Apr 23rd, 2021

Հայաստանում տարիների, տասնամյակների քաղաքական արատ է, որն էլ հենց դեգրադացրել է քաղաքականությունը

Հանրահավաքները Հայաստանում դիտարկվում են ներքաղաքական ուժերի հարաբերակցության չափման միավոր՝ ում հանրահավաքը կամ երթն է ավելի մարդաշատ: Այդ չափորոշիչը հատկապես աշխույժ «կիրառման» կամ դիտարկման ենթակա է այժմ, երբ ներքին քաղաքական կյանքը հասել է բևեռացման գերբարձր աստիճանի և, միաժամանակ, աննախադեպ լրջագույն երանգ ստացել Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո:

Իրականում, սակայն, Հայաստանի հետխորհրդային շրջանի քաղաքական կյանքում իր առանցքային և հաստատուն տեղն ունեցող չափորոշիչը ոչ միայն ամբողջապես համարժեք չէ՝ իբրև քաղաքականության ելակետ, այլ հաճախ նույնիսկ կատարում է մոլորեցնող դեր, չար կատակ խաղալով թե՛ հանրության, թե՛ քաղաքական դերակատարների հետ: Այո՛, հանգամանքը, թե ում կոչով որքան արագ են լցվում հրապարակներն ու փողոցները, ով կարճ ժամանակում ավելի շատ մարդ է հավաքում, ում հավաքներն են կազմակերպվում այսպես ասած կամավորության, իսկ ում հավաքները՝ «բերովիության» սկզբունքով, ունի որոշակի նշանակություն: Մյուս կողմից, սակայն, որևէ հանրահավաք կամ երթ սոցհարցում չէ, իսկ քաղաքականությունը, թեև ճշգրիտ գիտություն չէ, այդուհանդերձ այն հանրօգուտ լինելու համար պահանջում է առավելագույն ճշգրտություն հանրային տրամադրություններն ու սոցիալական շերտավորումը չափելու հարցում: Այդտեղ է, որ իրավիճակը բնորոշվում է իրականությունից կտրվել, և տապալվում է այն ուժը, որը կտրվում է իրականությունից:

Ներկայումս առավել ևս պետք է հաշվի առնել, որ հանրությունը Նիկոլ Փաշինյանի և «Հայրենիքի փրկության ճակատ» կոչված միավորի թևերում չէ: Այդ թևերից դուրս, կամ դրանց արանքում կան հանրային բազմաթիվ այլ տրամադրություններ: Միաժամանակ, այդ թևերում եղած տրամադրություններն էլ, այդուհանդերձ, հանրային են: Ներքաղաքական ճգնաժամի ամբողջ խնդիրն այն է, որ ուժերը չեն ուզում հաշվի առնել այդ պարզ իրողությունը և չեն ուզում նկատել դիմացը կամ կողքը, կամ ավելի վերև եղած հանրային շերտերին՝ բացի նրանից, որի վրա հենվում են իրենք:

Եվ սա Հայաստանում տարիների, տասնամյակների քաղաքական արատ է, որն էլ հենց դեգրադացրել է քաղաքականությունը, դրանից դուրս բերել հանրային բաղադրիչը, հանրօգուտ էությունն ու այն վերածել ընդամենը տնտեսական ինչ-ինչ շահերի կամ իշխանության համար պայքարի: Մինչդեռ, քաղաքականությունը հանրային, պետական իմաստով արդյունավետ է այն դեպքում, երբ այն ընդգրկում և արտահայտում է հանրային ամենատարբեր շերտերի շահեր և հնարավորություններ, երբ այն հաշվի է առնում բոլորի գոյությունը, ովքեր, շատ թե քիչ, մեծաթիվ թե փոքրաթիվ, բայց ինչ-որ դեր ունեն և եղանակ են ստեղծում հասարակական քաղաքական կյանքում:

Ըստ այդմ, երբ խոսվում է ներքաղաքական փոխզիջման մասին, առանցքային է հասկանալ և ընդունել, որ այդ փոխզիջումը նախ պետք է տեղի ունենա մտածողական, մշակութային հարթության մեջ: Այսինքն՝ փոխզիջման անհրաժեշտության առաջ գտնվող ուժերը պետք է ընդունեն դիմացինի գոյությունը, գոյության իրավունքը, որպեսզի կարողանան հաջորդ քայլով նրա հետ քննարկել արդեն համատեղ գոյության պայմաններ: Հայաստանի քաղաքական դաշտում դա տեղի չի ունեցել, տեղի չի ունենում և հազիվ թե տեղի ունենա այսպես ասած՝ հիմնական դերակատարների ներկայիս կազմի պայմաններում:

Այստեղ է, որ ոչ միայն բովանդակային, այլ, նախ և առաջ, մշակութային առումով է անհրաժեշտ դառնում նոր քաղաքական ուժերի, քաղաքական նոր դասի, նոր քաղաքական էլիտայի ձևավորումը, հաստատումն ու հանրության հետ կայուն, մշակութաբանական հաղորդակցության հաստատումը: Ասել կուզի, ընթացիկ քաղաքական առումով Հայաստանում, անշուշտ, կա քաղաքական շահերի պայքար, սակայն դրա խորքային հանրօգուտ և պետականապաշտ բնույթը պետք է չափվի ոչ թե նրանով, թե որ ուժն է ավելի շատ մարդ հավաքում հանրահավաքին, այլ նրանով, թե որ ուժն է առաջարկում անգամ քաղաքականապես իրեն ոչ համակիր հանրության համար ընդունելի և գրավիչ համակեցության մշակույթ և մոդել: