• Fri. Apr 23rd, 2021

Պատերազմում ոտքից զրկված զինծառայողը հենակներով մասնակցում էր վարչապետի հանրահավաքին, երթին

Արցախյան վերջին պատերազմի մասնակից Արամ Ասլանյանը, որ Մարտունիում վիրավորվել է գրադի արկի հարվածից եւ զրկվել մեկ ոտքից, այսօր մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, ապա նաեւ՝ երթին: Նրան հենակներով քայլելիս հանդիպեցինք Աբովյան պողոտայում, երբ երկար ժամանակ կանգնել էր հրապարակում, հետո էլ անցել Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա եւ Կորյուն փողոց ճանապարհը:

Արամը խուսափեց հարցազրույց տալ, բայց մեր մի քանի հարցերին պատասխանեց նրա եղբայրը՝ Աղասի Ասլանյանը: Ասաց՝ ավելի շատ Արամի ցանկությամբ են այսօր եկել հանրահավաքի ու երթի՝ աջակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Կոնկրետ այսօր գենշտաբի պետի հեռացումն է պահանջը՝ ռազմական հեղաշրջումը կանխելու համար»,- հավաքին մասնակցելու իրենց որոշման մասին խոսելով՝ նշեց նա:

Աղասի Ասլանյանի եղբայր Արամը, որ լինելով ժամկետային զինծառայող ու պատերազմի մասնակից, իրավիճակի մասին ոչ ուրիշների ներկայացրածով գիտի եւ չի համարում, թե այս իշխանությունը պետք է հեռանա, որովհետեւ դավաճան է: «Ընդհակառակը: Ինչ-որ լավ փոփոխություն եղել է բանակում, եղել է այս իշխանության ժամանակ»,- ասաց Աղասին:

Ընդդիմությունը սիրում է հաճախ կրկնել, թե զինծառայողին ելակ են տալիս, իսկ ելակով բանակ չեն պահում՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե վերջին գրեթե երեք տարիներին միայն դա է եղել բանակի ձեռբերումը: «Ելակը… գիտեք ինչ, համազգեստից չեն խոսում, զենքից չեն խոսում: Այսօր իմ եղբայրն ասում է, որ զենքի պակաս չի եղել, ես իրեն եմ հավատում: Զենքի, համազգեստի, սնունդի պակաս չի եղել: Ոչ մեկը հեղափոխություն չի արել, որ բանակում ելակ տան»,- արձանագրեց զորացրված զինծառայողի եղբայրը:

Ասաց, որ Արամն այժմ վերականգողական բուժում է ստանում «Զինվորի տանը», շուտով  կպրոթեզավորվի: Այդ գործընթացի, հաշմանդամության խմբի տրամադրման հետ կապված խնդիրներ չեն առաջացել: «Ուշադրությունը մեծ է եղել, հիվանդանոցից սկսած մինչեւ հիմա ուշադրությունը կա»,- ասաց Աղասի Ասլանյանը: