• Fri. Apr 23rd, 2021

Վրաերթի հետեւանքով մահացել է խմբագիր, սիրված երգերի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը

Երեկ՝ Ժամը 20:20-ի սահմաններում, վրաերթի հետեւանքով մահացել է խմբագիր, մի շարք սիրված երգերի խոսքերի հեղինակ Սոսի Խանիկյանը: 

Դեպքը տեղի էր ունեցել Բաղրամյան պողոտայում՝ նախկին Կամոյի դպրոցի հարևանությամբ: Նա 35 տարեկան էր:

Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երեւանի 1-03 շտապօգնություն եւ օգնել օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Բայց, ցավոք, Սոսիի կյանքը փրկել չի հաջողվել:

Սոսին հայկական շոուբիզնեսում հիթ դարձած մի շարք երգերի խոսքերի հեղինակ է: Դրանց թվում են Էմմի «Boom-Boom»-ը, Շպռոտի «Եղիր Ազատ»-ը, H.A.Y.Q.-ի «Մի պատմություն» և այլն: Սոսին նաև Սեւակ Խանաղյանի շատ սիրված «Արցախ» ստեղծագործության խոսքերի հեղինակն է:

Սոսիի մահվան լուրին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ գրելով. «Սոսիի հետ ընկերության վերաճած մեր գործընկերությունը սկսել էր «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունից: Այս նախագծի հիմքում յուրօրինակ, աշխատասեր, արժեք ստեղծող քաղաքացիների բացահայտումն ու հանրահռչակումն էր: Նաև Սոսիի մասնակցությամբ միասին մեր թիմով զրոյից ստեղծեցինք այս մրցանակաբաշխությունը:

Նրա հետ շաբաթներ առաջ նախագծում էինք Շառլ Ազնավուրի մասին փաստավավերագրական ֆիլմը, որը շանսոնյեի հարյուրամյակին պետք է Առաջին ալիքի եթերում լիներ: Այս նախագծով էլ մեր գործընկերը պետք է վերադառնար հարազատ հեռուստաալիք: Շուտով հանձնեց սցենարի առաջին սևագիրը, որը կիսատ մնաց: Հենց Սոսիի նախագծած կառուցվածքով էլ կնկարահանենք ֆիլմը… Բոլորս ցնցվեցինք սարսափելի լուրից: Լույս իջնի հոգուդ, սիրելի ընկեր»: