• Fri. Apr 23rd, 2021

Քոչարյան – Սարգսյան տանդեմն ու Նիկոլ Փաշինյանը

Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքից հետո Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը տեղեկություն տարածեց, որ գաղտնալսվել է մեկ ամիս առաջ տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Օնիկ Գասպարյան զրույցը և առաջիկա օրերին իշխանությունը կհրապարակի այն, ԳՇ շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում:

Հանրահավաքի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Գլխավոր Շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վարչապետի հրաժարականի հայտնի պահանջը ներկայացնելիս գործել է Սերժ Սարգսյանի հորդորով:

Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ-ում չի լինելու վենդետա, բայց Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա: ԳՇ շուրջ իրավիճակն ու հանրահավաքի քաղաքական տրամաբանությունը, սակայն ունեն թերևս փոքր ինչ ավելի լայն արձանագրումների անհրաժեշտություն: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը փաստորեն մարտիմեկյան տարելիցի առիթով հանրահավաքի իր ելույթում խոսելով ներքաղաքական նոր իրավիճակի մասին, փաստորեն ուղիղ թիրախավորեց Սերժ Սարգսյանին, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը կարծես թե խնայվեց:

Դեռևս օրեր առաջ տարբեր հրապարակումներով արձանագրել եմ, որ վարչապետ Փաշինյանը փորձում է խաղալ արմատական ընդդիմության կամ նախկին համակարգի ուժերը միավորող շրջանակում առաջնորդության համար Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հակասության վրա: Այստեղ կա հատկանշական «բալանս»: Երբ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի սկզբին հայտարարեց, որ համարում է, թե պետք է մասնակցել արտահերթ ընտրությանը՝ եթե անգամ Փաշինյանը հրաժարական չի տալիս և մասնակցում է, կարճ ժամանակ անց «Իմ քայլը» հայտարարեց արտահերթ ընտրության հանրային պահանջ չլինելու մասին:

Մինչդեռ, դա փաստորեն համահունչ էր Սերժ Սարգսյանի դիրքորոշմանը, այն իմաստով, որ նա և ՀՀԿ-ն արտահայտվում էին Փաշինյանի «հետ» որևէ ընտրություն կտրականապես մերժելու օգտին: Այդ ժամանակ փաստորեն Փաշինյանը «խաղաց» «17-ի» ներսում Սերժ Սարգսյանի դիրքերի օգտին: Այժմ, նա թիրախավորում է Սերժ Սարգսյանին և «խնայում» Ռոբերտ Քոչարյանի անունը, այսինքն խաղում է Սերժ Սարգսյանի դեմ: Իհարկե «դեմն» ու «օգտինը» այս առումով հարաբերական է, պայմանական, ինչի մասին վկայում է հենց դինամիկայի և սլաքների փոփոխությունը:

Արդյո՞ք դա նշանակում է, որ հաջորդը Ռոբերտ Քոչարյանին թիրախավորելու հերթը, թե՞ Ռոբերտ Քոչարյանի՝ երկրորդ նախագահից երկրորդ բևեռ լինելու հավակնության առումով ձեռք է բերվել ավելի հաստատուն համաձայնություն՝ մասնավորապես Պուտինի հետ, Իսկանդերի թեմայով զրույցի ընթացքում: Այն, որ Ռուսաստանի դերը Հայաստանի ներքին կյանքում առանցքային է, որքան էլ ֆորմալ առումով Մոսկվան չունի Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելու իրավունք, թերևս չունի ավելորդ մեկնաբանության կարիք: Այդ դերը պայմանավորող թե այսպես ասած պատմա-քաղաքական և տնտեսական գործոններն են բավականաչափ հայտնի, ու նաև բավականաչափ հայտնի են արցախյան երկրորդ պատերազմի պարտությունից հետո ստեղծված իրավիճակով թելադրվող հանգամանքները: