• Fri. Apr 23rd, 2021

Օնիկ Գասպարյանը միայն իր, թե նաև փողոցի ընդդիմության կողմից է դիմել Փաշինյանին

Ի պատասխան ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հեռանալու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջի, որ հնչեց Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ, ԳՇ-ն արել է հայտարարություն, որ մնում է իր նախորդ՝ վարչապետի հրաժարականի վերաբերյալ հայտարարության դիրքում: «Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և իրավունքի նորմերով»,- հայտարարել է Գլխավոր շտաբը:

Սա բավականին բազմիմաստ հայտարարություն է: Մի կողմից՝ ԳՇ-ն վերահաստատում է, որ վարչապետի հրաժարականի պահանջի դիրքում է: Մյուս կողմից՝ արձանագրումը, որ ծառայում է միայն ու միայն ժողովրդին և ղեկավարվում է Հայաստանի Սահմանադրության և իրավունքի նորմերով, տալիս է հետաքրքիր ասոցիացիայի տեղիք: Արդյոք ԶՈՒ Գլխավոր շտաբը դրանով արձանագրո՞ւմ է, որ չնայած վարչապետի պաշտոոնավարման հարցում ունեցած մոտեցմանը՝ ԳՇ-ն ամենևին մտադիր չէ զուտ հայտարարությունից անցնել որևէ գործողության, այսինքն՝ մտադիր չէ ղեկավարվել ՀՀ Սահմանադրության և իրավունքի նորմերից դուրս որևէ բանով: Այդպիսով, արդյոք առերևույթ վարչապետի հետ առճակատման շարունակություն հավաստող հայտարարությունը տողատակում չի՞ պարունակում առճակատումը չխորացնելու միտված հավաստիացում:

Այստեղ առաջանում է մեկ այլ հարց՝ իսկ ո՞րն է դրա երաշխիքը: Առավել ևս այն պարագայում, երբ քաղաքական դիմակայության մյուս՝ ընդդիմության բևեռում տեղի է ունենում ԳՇ հայտարարությունը սեփական քաղաքական նպատակների համար կապիտալիզացնելու լայնամասշտաբ փորձ, ընդ որում՝ անգամ հանրություն-բանակ կապի համար խիստ վտանգավոր շեշտադրումներով: Մասնավորապես, գաղտնիք չէ, օրինակ, որ հանրության մի ստվար մաս բացասաբար է գնահատել ԳՇ հայտարարությունը: Մինչդեռ ընդդիմադիր դաշտում առաջ է մղվում, ըստ ԳՇ հայտարարության հանդեպ գնահատականի, բանակի կողքին լինել-չլինելու բաժանումը: Եթե քաղաքական ընդդիմությունը դատապարտում է իշխանության «սև-սպիտակ» բաժանումը, ապա այս դեպքում իր նախաձեռնած բաժանումը ոչ միայն պակաս վտանգավոր չէ, այլև ավելի է վտանգավոր, քանի որ քաղաքական նկատառումներով հարվածի տակ կարող է դնել հասարակություն-բանակ վերքաղաքական կապն ու էներգետիկան:

Ըստ այդմ, Գլխավոր շտաբը, հայտարարելով, որ ծառայում է միմիայն հայ ժողովրդին, թերևս պետք է ոչ միայն վարչապետին անուղղակի դիմելով հորդորի զերծ մնալ հանիրավի մեղադրանքներից, այլ նաև դիմի քաղաքական բոլոր ուժերին և հատկապես արմատական ընդդիմությանը՝ կոչ անելով որևէ կերպ չշոշափել բանակի անունը և չփորձել բանակը խառնել քաղաքականությանը: Դա կլինի իհարկե ոչ բացարձակ, սակայն համոզիչ և կարևոր հավաստիացում, որ ԳՇ-ն իսկապես առաջնորդվում է հանրային շահով, ոչ թե դրա տակ քողարկվող քաղաքական շարժառիթներով: Ավելին, քաղաքական ուժերին և հատկապես ընդդիմությանը այդ կոչը պետք է լիներ առաջին իսկ հայտարարությամբ, բայց դեռևս ուշ չէ՝ թույլ չտալու բանակի անվան քաղաքական խաղարկում:

Ինչ վերաբերում է վարչապետ-ԳՇ հարաբերությանը, ապա ճգնաժամը փաստորեն շարունակվում է, գոնե առերևույթ, թեև քանի դեռ առերևույթ ճգնաժամը առկա է՝ այսպես ասած, կուլիսային քաղաքական գործընթացների որևէ արդյունք կամ միտում չի կարող լինել երաշխավորված, և կարող է «պայթյուն» տեղի ունենալ ամեն պահի՝ իհարկե, հուսանք միայն քաղաքական իմաստով: