• Fri. Apr 23rd, 2021

Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է պաշտոնից. Նախագահը չի ստորագրի

Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը քիչ առաջ հրապարակել է նախագահի հայտարարությունը՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ Հանրապետության նախագահի կայացրած որոշման մասին:

Ըստ այդմ՝ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի միջնորդությունը եւ այն ուղարկել Սահմանադրական դատարան:

Նախագահի հայտարարությունը՝ ստորեւ.

«Հանրապետության նախագահը կարևորում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցի վերաբերյալ առաջացած քաղաքական ճգնաժամի հրատապ հանգուցալուծումը:

Այդ նպատակով հանդիպումներ են եղել վարչապետի, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի և զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Ուսումնասիրվել են ազատելու մասին հրամանագրի նախագծի առնչությամբ Նախագահի առարկությունները չընդունելու վերաբերյալ վարչապետի հիմնավորումները:

Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը արդյունք է պատերազմական և հետպատերազմական ժամանակաշրջանում քաղաքական և ռազմական գործիչների շրջանում առկա տարաձայնությունների՝ երբեմն խիստ անձնավորված մոտեցումներով: Չեն կարող անտեսվել նաև հրամանագրի ստորագրմանն առարկելու համար հիմք հանդիսացած իրավական առումով խնդրահարույց մեկնաբանությունները, իրավակիրառ պրակտիկան, օրենքի հնարավոր բացը:

Հանրապետության նախագահն իր նախորդ հայտարարություններում ընդգծել է, որ խնդրի շուտափույթ և Սահմանադրության շրջանակներում կարգավորումը Հայաստանի և Արցախի անվտանգության ու կայունության համար առաջնային կարևորություն ունի և բացարձակ անհրաժեշտություն է պետականության պահպանման, հասարակության հետագա պառակտումը կանխելու, ժողովրդի միասնությունը և հանրային համերաշխությունը վերականգնելու, ստեղծված անորոշ վիճակից դուրս գալու և վերջնական հանգուցալուծման հասնելու համար:

Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը:

Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Հանրապետության նախագահը, հավատարիմ իր հանձնառությանը, շարունակելու է իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված քայլերը և կոչ է անում բոլորին՝ նախագահի ինստիտուտը ծառայեցնելով որպես հարթակ, բանակցել առկա բոլոր խնդիրների համապարփակ լուծումը գտնելու նպատակով»:

Փաստաբան Նորայր Նորիկյանը մեր զրույցում այսպես մեկնաբանեց նախագահի հայտարարությունը եւ դրանից բխող իրողությունը.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, այն է՝ չի ստորագրում համապատասխան ակտը կամ դիմում Սահմանադրական դատարան, ապա ակտը ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հանրապետության նախագահը չի ստորագրել միջնորդող կողմի՝ ՀՀ վարչապետի կողմից երկրորդ անգամ ներկայացված միջնորդությունը եւ այդ հարցով չի դիմել Սահմանադրական դատարան՝ հետեւաբար իրավունքի ուժով զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու՝ վարչապետի կողմից ներկայացված միջնորդությունը իրավունքի ուժով մտել է ուժի մեջ:

Օնիկ Գասպարյանն այլեւս իրավասու չէ կատարել ԳՇ պետի պարտականությունները, քանի որ իրավունքի ուժով ազատված է պաշտոնից»:

Հարցին, թե իսկ ի՞նչ է նշանակում նախագահի հայտարարությունը, որ առանձին դիմումով դիմելու է ՍԴ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով, Նորիկյանը պատասխանեց.

«Նախագահի հայտարարությունում չի ասվում, թե այդ օրենքի որ հոդվածն է վիճարկվելու, այնտեղ խոսվում է մտադրության մասին: Երբ որ նման հարց բարձրացնի, դիմումի բովանդակությանը կծանոթանանք, դիրքորոշում կարտահայտենք»: