• Fri. Apr 23rd, 2021

Բացահայտվել է վերջին 7 տարում Հայաստանով թմրանյութի տեղափոխման խոշորագույն դեպքը

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի տեղափոխման բացառիկ դեպք:

Երևանի մաքսային պահեստներից մեկում կատարված մաքսային հսկողության արդյունքում որպես խմորիչ հայտարարագրված 18600 կգ բեռի կազմում հայտնաբերվել է հերոինի առանձնապես խոշոր խմբաքանակ` 33 արկղ։ Փաթեթավորման հետ միասին շուրջ 365 կիլոգրամ կշռող հերոինի շուկայական արժեքը մոտ 45 մլն ԱՄՆ դոլար է: Սա 2014 թվականից հետո Հայաստանի իրավապահ մարմինների հայտնաբերած խոշորագույն դեպքն է, որն իր բնույթով աննախադեպ է ամբողջ տարածաշրջանում: Խմորիչի փաթեթավորմամբ հերոինն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով նախատեսված էր տեղափոխել Արևմտյան Եվրոպա:

Հանցավոր սխեման բացահայտվել է լայնածավալ և բազմակողմանի վերլուծական աշխատանքների ու համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում իրենց դերն են կատարում ՊԵԿ շնագիտական կենտրոնի կինոլոգներն ու ծառայողական շները, ովքեր նույնպես ներգրավվել են այս խոշոր դեպքի բացահայտման աշխատանքներում: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման փուլում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործՀՀ քրեական օրենսգրքի 267.1 և 266 հոդվածների հատկանիշներով: Տարբեր քաղաքացիություններ ունեցող 6 անձ ձերբակալվել է։ ԱԱԾ հետ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը շարունակվում է գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ թմրանյութի տեղափոխման հանցավոր սխեմաներ կազմելուց և զգուշացնումվարչությունը շուրջօրյա պայքարում է միջազգային ապօրինի թմրաշրջանառության դեմ միշտ մեկ քայլ առաջ լինելով իրավախախտներից:

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին