Հայաստանի ներքաղաքական կյանքի մարտիմեկյան բումը կլանեց ուշադրությունը, դրանից զգալի դուրս թողնելով թերևս Հայաստանի ու ռեգիոնալ քաղաքականության տեսանկյունից բազմակի կարևոր գործընթացի հերթական հանգրվանը:
Խոսքը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպման մասին է, որը տեղի ունեցավ դեռևս հունվարի 11-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ համաձայնությամբ սահմանված ժամանակացույցով: «Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները», ասված էր հունվարի 11-ի մոսկովյան Բարձր մակարդակի եռակողմ հանդիպման արդյունքի հայտարարության չորրորդ կետով:
Խոսքն ըստ էության վերաբերում է Հայաստան-Ադրբեջան ապաշրջափակմանն ու հաղորդուղիների բացմանը, ինչը, բնականաբար, ունի ոչ միայն տնտեսական նշանակություն, այլ ռազմա-քաղաքական երանգներ: Սակայն հարցն այստեղ այն է, որ այդ ամենի ֆոնին ոչ միայն Հայաստանում է բուռն ներքաղաքական պայքար, ճգնաժամ ու փակուղի՝ ռազմական հեղաշրջման անորոշ սինդրոմներով, այլ բավականին նուրբ հանգամանքներ են առկա Հայաստան-Ռուսաստան՝ «Իսկանդերի» պատմությունը, և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում, որտեղ Ալիևը հարց է բարձրացնում Մոսկվայի առաջ, թե ինչ նպատակով է Ռուսաստանն արդիականացնում հայկական բանակը: Այդ ֆոնին ի՞նչ առաջարկներ ու կոնկրետ մշակումներ և ի՞նչ ժամանակացույց է ներկայացրել եռակողմ աշխատանքային խումբը: