• Fri. Apr 23rd, 2021

Իշխանությունը եթե քայլ է անում, պետք է արագ անի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը:

Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ, օրենքի ուժով կմտնի ուժի մեջ:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը բարձր է գնահատում նախագահի քայլը, քանի որ, նրա խոսքերով, երկրի համար մեկ խնդիրը և պետականության ճակատագիրը ուղիղ կախված է կայունությունից, իսկ պատերազմի սկզբից մինչև այսօր Հայաստանը պերմանենտ կայուն անկայունության մեջ է։ «Հայաստանում կայուն մնում է անկայունությունը, պարբերաբար հորինվում են հարցեր՝ երկիրը ցնցումների տանելով։ Մեկ Քոչարյանն է հիվանդանում, մեկ նրա ընկերը։ Եվ այս իմաստով, սա կայունություն կարող է մտցնել»,- ասաց քաղաքագետը։

Շիրինյանի խոսքերով՝ եթե համանմանությամբ նայենք, սա ՍԴ-ում Հրայր Թովմասյանի շուրջ պատմության կրկնությունն է, երկրորդ տարբերակը. «Ես մեր ժողովրդին ուզում եմ ասել, որ մեզ օդի և ջրի պես կայունություն է պետք։ Օրինակ՝ Չինաստանում երբ սկսվեցին բարեփոխումները, որպես գլխավոր թեզ շեշտվեց կայունությունը։ Հիմա սրանք բեմականացնում են «Հրայր Թովմասյան 2» արարը: Առաջինը ՍԴ ֆոկուսն էր, երկրորդը սա է։ Երկիրը չի կարող ապակայուն վիճակում մնալ այս պայմաններում, երբ պատերազմից երկիրը դուրս է եկել և որևէ ռեֆորմ չի եղել։ Ես չգիտեմ որևէ երկիր, որ գեներալները այսպես շքահանդեսով հարցազրույցներ տան: Սա խայտառակություն է: Փոխանակ զբաղվեն պատերազմի աղետալի հետևանքները ցույց տալով, վիճակը շտկելով, պարզվում է՝ բոլորը կույս են: Սա խոսում է պետության հիվանդության մասին, գողապետության կենսունակության մասին»:

Հարցին՝ ձեր կարծիքով՝ վարչապետն իրավասո՞ւ էր ազատել Գլխավոր շտաբի պետին, Լևոն Շիրինյանը պատասխանեց. «Պառլամենտական հանրապետության մեջ քաղաքական իշխանության քաղաքական կենտրոնը վարչապետն է, հետևապես նրա որոշումները հնարավոր չէ չկատարել, պարզապես իրավական նորմերով պետք է կարգավորել: Նրա որոշումները չեն կարող չեղարկվել։ Պարզ է մի բան, ընդդիմությունը փակուղի է մտել և ուզում է հեղաշրջում կազմակերպել, հայկական «Պինոչետ 2»-ը չստացվեց։ Շտապ որոշումներ պետք է կայացնել, ոչ միայն բանակի վերակազմակերպում, այլև գեներալների։

Իշխանությունը, կառավարությունը պարտավոր են ապահովել քաղաքացիների ազատ տեղաշարժը, բացեք փողոցները, կամ սպասենք հերթական ֆոկուսին: Տեսնենք՝ երբ անկայունության նոր օջախ կսարքեն: Թավիշը պետք է իրական լինի, ոչ թե սողացող:

Իշխանությունը եթե քայլ է անում, պետք է արագ անի, եթե շարունակվի նույն ձևով որոշումներ կայացնել, մեր պետության ապագան կանխորոշված է։ Որոշումը կարդալուց երկու ոստիկան պետք է կանգնած լինեին Օնիկ Գասպարյանի կողքին, ասեին՝ դուրս արի։ Վարչապետը իրավունք ունի ցանկացածին ազատել և նշանակել»: