• Thu. Apr 22nd, 2021

Ռոբերտ Քոչարյանը չունի հանրային վստահության արժանանալու պատրանք, Սերժ Սարգսյանն էլ յուղ է վառում

Համապատասխանում է ուղիղ այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիեւը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, որ «Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով եւ այն մասին, որ «Իսկանդերը» 80-ականների զենք է:

Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Շախմատի տուն մտնելիս լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է համապատասխանում իրականությանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը իր հայտարարությունն անելիս կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը:

«Կարծում եմ՝ ամենայն հավանականությամբ, նոր ներկայացում է պատրաստվում, համբերենք, կտեսնենք: Մնացած հարցերին երբ ներկայացումը դիտենք, կամ ընթացքում, կամ վերջում կպատասխանենք»,-ասաց նա՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտնել է, որ Սարգսյանն առաջիկայում կխոսի այն հարցերի առնչությամբ, որոնք կուտակվել են և դառնում են իրեն ուղղված բազմաթիվ լրատվական հարցումների առիթ: Ըստ գրասենյակի, հնչում են երրորդ նախագահին ուղղված շատ հարցեր և նա առաջիկայում կանդրադառնա դրանց: Ինչ ձևաչափ կընտրի Սարգսյանը, չի մանրամասնվում՝ բացառիկ հարցազրույցի՞, ինչպես օրերս, թե՞ մեծ ասուլիսի, ինչպես 2020-ի օգոստոսին, ապրիլյան պատերազմի թեմայով:

Հատկանշական է, որ օրեր առաջ բացառիկ հարցազրույցում Սերժ Սարգսյանը ակնարկեց, թե իրեն հոգեհարազատ է մեծ ասուլիսի ձևաչափը: Ընդ որում, Սարգսյանը նաև ազդարարեց, ակնարկի մակարդակով, որ առաջիկայում հատուկ ասուլիսով կանդրադառնա 2018-ի ապրիլի թեմային:  Ինչն է պատճառը, որ սակավախոս Սերժ Սարգսյանը կարող է խոսել հաճախակի՝ տարբեր ձևաչափերով: Արդյո՞ք  դրա պատճառն այն է, որ թուլանում է Սարգսյանի դիրքը կառավարող նախկին համակարգի շրջանակում, որտեղ ընթանում է պայքար Ռոբերտ Քոչարյանի հետ: Հազիվ թե Սերժ Սարգսյանն իր ասուլիսներով կամ հարցազրույցներով ակնկալի փոխել իր հանդեպ հանրային լայն անվստահությունը: Դրա համար նվազագույնը պետք է թերևս ժամանակ:

Ավելին, հայտարարությունը, որ այլևս չի զբաղեցնի որևէ պաշտոն, վկայում է, որ Սերժ Սարգսյանը միանգամայն իրատեսորեն է գնահատում հասարակական-քաղաքական իրավիճակը: Դա իր հերթին վկայում է, որ Սարգսյանը իրականում պայքարում է ոչ թե հանրային, այլ այսպես ասած համակարգային վստահության համար, այսինքն նախկին կառավարող համակարգում իր հանդեպ վստահության համար: Իսկ այդ վստահության հիմքերը ցնցում է իհարկե երկրորդ նախագահ Քոչարյանը, անշուշտ ամենևին ոչ նոր՝ դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանից, բայց առավել ևս այժմ: Որովհետև միայն այդ վստահությունը կլանելով է Ռոբերտ Քոչարյանն ի վիճակի մասնակցել որևէ ընտրության և արձանագրել շոշափելի արդյունք:

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն էլ թերևս չունի հանրային վստահության արժանանալու պատրանք, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից ելնելով: Ըստ այդմ, շոշափելի քաղաքական արդյունքի համար պետք է բացարձակ մեծամասնության գալ նախկին կառավարող համակարգի և դրա շահառուների շրջանակում: Այդ շրջանակը քիչ չէ, սակայն, եթե այն տնօրինում է մեկը: Եթե այն տնօրինում են երկուսը և դրան զուգահեռ նաև կան այլ, ավելի նվազ, սակայն այսպես ասած փոքր մասշտաբի տնօրեններ կամ բաժնետերեր, ապա քաղաքական արժեքը նվազում է զգալիորեն: