• Fri. Apr 23rd, 2021

Ռուբեն Վարդազարյանը ԱԺ-ում ինքնապաշտպանության է անցել և գուցե չի գիտակցում որտեղ է գտնվում

Խորհրդարանում շարունակվում է ԱԺ հերթական քառօրյան: ԱԺ նիստում Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցի քննարկման ժամանակ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին դիմելով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը նշեց. «ԱԺ 132 պատգամավորի կոչ եք արել չշփոթել դատախազի տարեկան զեկույցի հետ: Դուք գիտե՞ք, թե որտեղ եք գտնվում: Ես առաջարկում եմ ձեզ կոռեկտության գծերը չհատել, ես ձեզ որևէ հարց չունեմ, իմ դիտարկումները ելույթի տեսքով կներկայացնեմ»:

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն էլ ի պատասխան՝ նշեց, որ ինքը վարքագծի որևէ կանոն չի խախտել. «Ես շատ լավ պատկերացնում եմ, որ դատական օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին կետը, 69-րդ հոդվածի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և դատավորների էթիկայի կանոնների 3-րդ կանոնը հստակ սահմանում են դատավորի վարքագծի կանոնները: Այդ վարքագծի կանոններից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, այդ սահմանը ես չեմ անցնելու, որքան էլ փորձեք ինձ դրդել քաղաքական քննարկման»:

ԲԴԽ նախագահն իր ելույթում նշել էր, որ ԲԴԽ-ն և դատական համակարգը հաշվետու չեն ԱԺ-ին. «Եվ հետևաբար ես պարտավորություն չունեմ պատասխանելու քաղաքական բնույթի հարցերին։ Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես ներկայացել եմ ԱԺ։ Խնդրում եմ չշփոթել, թե սա գլխավոր դատախազի և ՄԻՊ տարեկան զեկույց է։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք ինձ այստեղ տալիս եք 3 տարվա ընթացքում ծառացած բոլոր այն հարցերը, որոնք ցանկանում եք ուղղել դատական իշխանությանը»:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանի հարցը կրկին վերաբերում էր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությանը: «Այդ օրը, երբ դուք հրապարակեցիք այդ հայտարարությունը, և ինչպես գործընկերս՝ Արման Բաբաջանյանն է սիրում ասել՝ մարտակոչը, այդ օրը ձեր վաղեմի ընկերոջ՝ Արթուր Վանեցյանի դատական նիստի գործի քննության օրն էր: Եվ, կներեք, բայց նման զուգադիպությունները թույլ չեն տալիս մեզ՝ որպես քաղաքական գործիչների և, առհասարակ, որպես բանական մարդկանց, չմտածել, որ ձեր այդ կոչը քաղաքական էր: Էլ ի՞նչ պետք է լիներ, որ մենք չմտածեինք՝ ձեր հայտարարությունը քաղաքական էր»:

Վարդազարյանն էլ ասաց, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, ԲԴԽ-ն և դատական իշխանությունը հաշվետու չեն Ազգային ժողովին: «Եվ հետևաբար ես պարտավորություն չունեմ պատասխանելու քաղաքական բնույթի հարցերի: Պատրաստ եմ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են այն թեկնածուներին, որոնց ներկայացնելու համար ես այսօր ներկայացել եմ Ազգային ժողովին: Խնդրում եմ չշփոթել. սա գլխավոր դատախազի կամ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույց չէ: Եվ տպավորություն է ստեղծվել, որ դուք ինձ տալիս եք երեք տարվա ընթացքում ծառացած բոլոր այն հարցադրումները, որոնք ցանկանում եք ուղղել դատական իշխանությանը»:

ԲԴԽ նախագահն ընդգծեց, որ պատգամավորներին պատրաստ են հրավիրել ԲԴԽ՝ դատական իշխանության վերաբերյալ հարցերի բաց քննարկման: «Սակայն այս օրակարգում Վճռաբեկ դատարանի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2 դատավորի թեկնածության քննարկման հարցն է: Պատրաստ եմ պատասխանել այդ հարցերին: Քաղաքական բնույթի հարցերին, դատական իշխանության վերաբերյալ հարցերին, իմ գործունեությանը վերաբերող հարցերին այսօր չեմ պատասխանելու: Երեկ համբերատար փորձեցի պատասխանել: Այսօր չեմ պատասխանելու»:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ կոչ արեց չսահմանափակել Ազգային ժողովի պատգամավորների՝ հարց տալու իրավունքը:

Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ արձագանքելով ասաց, որ ԱԺ պատգամավորները ժողովրդին են ներկայացնում, հետևաբար Վարդազարյանը հաշվետու է ԱԺ-ին: Պատգամավորը նաև նշեց, որ Ռուբեն Վարդազարյանը իր պատասխաններով պետք է «փարատի» դատական իշխանության նկատմամբ եղած անվստահությունը:

Վարդազարյանը կրկնեց, որ քաղաքական բնույթի հարցերի չի պատասխանելու: Դիմելով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին՝ Վարդազարյանն ասաց, որ չի սահմանափակում պատգամավորների հարց տալու իրավունքը, սակայն պատասխանել-չպատասխանելը իր իրավունքն է:

«Դուք կարող եք ընդհանրապես որևէ հարցի չպատասխանել, և՛ քաղաքացիները, և՛ մենք մեր հետևությունները կանենք, դա ձեր իրավունքն է, բայց պատգամավորները նաև իրավունք ունեն հարցեր հղել, որովհետև օրենքը չի սահմանափակում, թե պատգամավորը կոնկրետ ինչ հարց պետք է և կարող է հղել»,- արձագանքելով Վարդազարյանին՝ ասաց Սիմոնյանը:

Պատգամավոր Գևորգ Պետրոսյանին էլ ԱԺ փոխխոսնակը կոչ արեց չընդհատել և տեղից չբղավել:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանից հետաքրքրվեց, թե ինչու է խուսափում պատասխանել քաղաքական հարցերին: Հարցերը կապված են միայն Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ին արված հայտարարության հետ: Եթե ԲԴԽ նախագահը պնդում է, որ իր հայտարարությունը քաղաքական չի եղել, ինչո՞ւ է հիմա դրա վերաբերյալ հարցերին ի պատասխան նշում, որ դրանք քաղաքական են:

«Հարցը հնչում է ձեր հայտարարության հետ կապված: Եթե դուք պնդում եք, որ ձեր հայտարարությունը քաղաքական հայտարարոթյուն չի եղել, այդ դեպքում ո՞ր հարցն է այդտեղ, որ քաղաքական է: Հարցը վերաբերում է ձեր «չքաղաքական» հայտարարությանը, և բարի եղեք պատասխանել այդ «չքաղաքական» հայտարարությանը: Ես հարց չեմ տալու ձեզ, որովհետև դուք ընդունել եք, որ ձեր հարցը քաղաքական է»:

Հակոբյանը նաև հավելեց, որ քաղաքացիները իշխանություններից պահանջում են լուծել դատական համակարգում առկա խնդիրները:

«Պարոն Հակոբյանը նշեց, որ հարց չի տալիս, այդ իսկ պատճառով չեմ պատասխանի հարցին»,-արձագանքելով՝ ասաց Վարդազարյանը:

Հակոբյանն էլ ասաց, որ այդ պատասխանով Վարդազարյանը փաստեց, որ իր կոչը քաղաքական է եղել: «Ես փորձեցի բերել խոսակցությունը այն դաշտ, որ դուք ասեք՝ այո, հայտարարությունը քաղաքական չի եղել, այո ձեր հարցերն էլ քաղաքական չեն, գոնե իմ հարցը քաղաքական չէր, չնայած ես վերջում ասեցի, որ հարց չունեմ, բայց կարող էիք գոնե խոսել այդ մասին»:

Վարդազարյանը ևս մեկ անգամ ասաց, որ դատավորներին ուղղված իր կոչը զսպվածության կոչ է եղել:

Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցը նույնպես վերաբերում էր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նոյեմբերի 15-ի հայտարարությանը:

«Ես ուրախ եմ, որ դուք հենց նոր ներկայացրիք, որ դուք ունեք զսպվածության սահման: Հայտարարությունը անելիս ինչպե՞ս է գործել այդ զսպվածության սահմանը, և արդյո՞ք այդ օրենսդրությունը դուք երեկ երեկոյան եք իմացել և նոր ծանոթացած եկել Ազգային ժողով»:

Վարդազարյանն էլ ի պատասխան՝ ասաց, որ իր կոչով զսպվածության որևէ կանոն չի խախտել: «Եվս մեկ անգամ երեկ ընթերցել եմ իմ կոչը, և նորից գտնում եմ, որ զսպվածության որևէ կանոն իմ կողմից խախտված չէ, և հետևաբար այլևս ասելիք չունեմ այս հարցի վերաբերյալ»:

«Ասում եք, որ թյուրըմբռնում է եղել ձեր հայտարարության հետ կապված, և հետևաբար հարցնում եմ ձեզ՝ կարո՞ղ եք հիմա այդ բարձր ամբիոնից անել նույն հայտարարությունը, նույն բովանդակությունը, բայց այնպիսի պարզ տեքստով, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, թե դուք ինչ նկատի ունեիք այդ հայտարարությամբ»,- արձագանքելով ասաց Ծովինար Վարդանյանը:

Վարդազարյանն էլ կրկնեց, որ դատավորներին ուղղված իր կոչը զսպվածության և սթափության կոչ է եղել:

Ավելի վաղ Ռուբեն Վարդազարյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին, ասել էր. «Ես շատ լավ պատկերացնում եմ, որ դատական օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին կետը, 69-րդ հոդվածի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և դատավորների էթիկայի կանոնների 3-րդ կանոնը հստակ սահմանում են դատավորի վարքագծի կանոնները: Այդ վարքագծի կանոներից ելնելով՝ ես ունեմ զսպվածության սահման, այդ սահմանը ես չեմ անցնելու, որքան էլ փորձեք ինձ դրդեք քաղաքական քննարկման»:

«Այսօր շատ կատեգորիկ տոնով ասացիք, որ չեք պատասխանելու մեր հարցերին, որոնք կկրեն քաղաքական բնույթ կամ գուցե ձեր սրտով չեն լինի: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ՀՀ ԱԺ պատգամավորները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որոնք իրենց քվեն տվել են մեզ, որ մենք բարձրացնենք իրենց հուզող հարցերը: Իսկ ՀՀ քաղաքացիներին այսօր շատ է հուզում դատական իշխանության հետ կապված հարցերը, և այդ հարցերը նրանք հնարավորություն չունեն ձեզ տալու, որովհետև ձեզ ուղղակի չեն տեսնում:

Դուք չեք շրջում փողոցում, դուք չեք գնում մարդկանց հետ հանդիպումների, և մարդիկ մեր միջոցով ցանկանում են իրենց բարձրացրած հարցերն ուղղել ձեզ, իսկ դուք ասում եք, թե կաշկանդված եք և չեք կարող պատասխանել հարցերին: Բայց ԱԺ ամբիոնի մոտ կանգնած յուրաքանչյուր բարձր պաշտոնյա կարող է պատասխանել պատգամավորների հարցերին»,-այս մասին այսօր ԱԺ-ում հերթական նիստի ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին դիմելով՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:

Շարունակելով իր խոսքը՝ պատգամավորը նշեց, որ ցանկանում է շարունակել երեկ կիսատ թողած խոսակցությունը. «Դուք երեկ ասացիք, որ ծանոթ չեք ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մահափորձին, հետևաբար ես եզրակացնում եմ, որ դուք ծանոթ չեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու գործին, դուք ծանոթ չեք այն բոլոր հրապարակային բռնության կոչերին, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործեր: Ես կարծում եմ՝ դուք որևէ նման քրեական գործի ծանոթ չեք: Եվ ծանոթ չլինելով, անտեղյակ լինելով՝ երեկ զսպման կոչ եք արել դատավորներին: Ես ուզում եմ, որ դուք այսօր կրկին պարզաբանեք՝ եթե դուք ծանոթ չէիք որևէ քրեական գործի, ինչո՞ւ էիք սթափեցման կոչ անում դատավորներին, ինչո՞ւ էիք զսպման կոչով հանդես գալիս»:

Ի պատասխան Դավոյանի հարցերին՝ ԲԴԽ նախագահը նշեց, որ ինքն ամեն օր շրջում է փողոցներում և պատասխանում բոլոր հարցերին, որոնք իրեն ուղղում են և՛ քաղաքացիները, և՛ լրագրողները. «Չկա ՀՀ-ում մեկ լրագրող, ով ինձ հարց է ուղղել, և ես հրաժարվել եմ այդ հարցին պատասխանելուց: Վստահ եմ՝ լրագրողներն էլ են տալիս ժողովրդին հուզող հարցերը: Իսկ ինչ վերաբերում է քրեական գործերին ծանոթանալուն, այո՛, ծանոթ չեմ, և հակառակը՝ ծանոթ լինելու դեպքում դրան կհետևեր քրեական պատասխանատվություն: Ես ի պաշտոնե իրավունք չունեմ ծանոթանալու քրեական գործերի նյութերին և այդ իսկ պատճառով ծանոթ չեմ: Կոչերն արեցի, քանի որ զգացի՝ կրքերը լարված են և փորձեցի այդ կրքերը հանդարտեցնել»:

Դավոյանը կրկին հարցրեց՝ ինչո՞ւ պետք է կրքերը հանդարտվեին, ինչո՞ւ պետք է դատավորները զսպվեն, ի՞նչ էին ուզում անել նրանք, որ ԲԴԽ նախագահը չէր ուզում՝ նրանք անեին: Վարդազարյանն էլ ի պատասխան՝ ասաց, որ չի ուզում կրկնել և ժամանակ վատնել, դրա մասին խոսել է երեկ:

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահը անցած տարվա նոյեմբերին դիմել էր դատավորներին. «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը՝ մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»: