• Fri. Apr 23rd, 2021

100 տարի առաջ ու այսօր էլ նույնն է․ ՀՅԴ-ն խռովությամբ ցանկանում է իշխանության գալ

Մեր զրուցակիցն է Ազգային ժողովում Իմ քայլը խմբակցության պատգամավոր, պատմաբան Հակոբ Ասլանյանը։

Պարոն Ասլանյան, ինչպես եք պատկերացնում ներկայիս ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը։

Հանգուցալուծում, իրավիճակի կայունացում անպայման լինելու է, թեև որոշ ուժեր չեն ցանկանում դա, որովհետև հանգուցալուծման պայմաններում քաղաքական դաշտում կճշգրտվի իրենց տեղն ու դերը, ինչը կարծես ձեռք չի տալիս իրենց։ Ցանկանում են անկայուն իրավիճակից օգտվել և գրավել այն, ինչի հարցում ժողովուրդը դեմ է իրենց։

Երկրում այս անկայուն վիճակը որևէ կերպ փոխկապակցված է մարտի 16-ին՝ 100 տարի առաջ Մոսվայի և Անկարայի միջև կնքված պայմանագրի հետ, որի հետագա հարցը պետք է որոշվի ու, ըստ այդմ՝ մեր պատմական հայրենիքի գոնե մի մասի հարցը։

Մարտի 16-ն ամենևին կարծես չի հուզում այսօր փողոցում հայտնված ուժերին ու մասնավորապես ՀՅԴ-ին։ 100 տարի առաջ էլ, 1921 թվականին  նույնն էր, այն ժամանակ էլ երկրի դեմ ամենամեծ չարիքը գործեցին ՀՅԴ-ականները։

Փետրվարյան ապստամբություն կոչեցյալից առաջ պայմանավորվածություն կար, որ խորհրդային Հայաստանի կառավարությունը Ալեքսանդ Բեկզադյանի և Սահակ  Տեր-Գաբրելյանի նախագահությամբ պատվիրակություն էր կազմել, որպեսզի մեկնեին Մոսկվա և մասնակցեին կազմվելիք պայմանագրի ստեղծմանը։ Մինչ նրանք մեկնել էին Մոսկվա, հայաստանյակ դաշնակցականները ապստամբություն, ես կասեի՝ խռովություն բարձրացրեցին և Հայաստանում տապալեցին բոլշևիկների իշխանությունն ու անունը դրեցին Հայրենիքի փրկության կոմիտե, ինչն էլ մեզ համար դարձավ այն չարիքը, որի արդյունքում թուրքական կողմն ուղղակիորեն պահանջեց, որ հայկական պատվիրակությունը չմասնակցի բանակցություններին, որովհետև երկրում այլևս չկար այն կառավարությունը, որը լիազորել էր այդ երկուսին։ Միևնույն ժամանակ Թուքիան ներքին համաձայնության էր եկել Ադրբեջանի հետ, որպեսզի նրանք էլ չմասնակցեն, որպեսզի չստացվի այնպես, որ միայն հայկական կողմը չի մասնակցում։ Արդյունքում՝ ամեն բան եղավ հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի։

100 տարի առաջ ու այսօր էլ նույնն է․ ՀՅԴ-ն խռովությամբ ցանկանում է իշխանության գալ։ Այնպես որ՝ նույն պատմությունն է այսօր էլ։ Այն ժամանակ անվանումը Հայրենիքի փրկության կոմիտե էր, հիմա՝ Հայրենիքի փրկության շարժում։ ՀՅԴ-ականներն էլի օգտվելով երկրում ստեղծված հետպատերազմյան ծանր իրավիճակից ուզում էին և այսօր էլ՝ ուզում են գալ իշխանության։ Այն ժամանակ էլ գլխավոր մեղավորը ՀՅԴ-ն էր, և դրա արդյունքում էր, որ 1923 թ․-ին այդ կուսակցությունը ստիպված եղավ ինքնալուծարման համագումար հրավիրել, իսկ 1924 թ․-ին իրենց առաջնորդներից Քաջազնունին հետաքրքիր հոդված գրեց, որը վերնագրված էր․ Դաշնակցությունն այլևս անելիք չունի։

Իսկ ներկայիս իրավիճակը կարող է հանգուցալուծվել ընտրությունների միջոցով, և եթե՝ այո, ապա խմբակցությունում քննարկումներ ունեցել եք, թե որը որից հետո՝ խորհրդարանական ընտրություններ, ապա Սահմանադրության հանրաքվե և անցում կիսանախագահական համակարգին, թե՝ հիմա սկզբում հանրաքվե, ապա ՀՀ նախագահի ընտրություններ։ 

ՀՀ վարչապետը հստակ ասաց, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը համաձայնության գա, ապա կարող ենք գնալ խորհրդարանական ընտրությունների։ Մենք դրան պատրաստ ենք։ Իսկ կիսանախագահական համակարգին անցումը հետո կլինի, դա իմ որոշելով չի, ինչպես կորոշեն, այդպես էլ կանենք։ Այլապես ոչ ոք որևէ մեկին իշխանությունը չի կարող փոխանցել, այդ իշխանությունը մերը չէ, ժողովրդինն է իշխանությունը, ինքն էլ կորոշի, թե ում տալ այն։

Պարոն Ասլանյան, օրերս Բաղրամյան պողոտայի մոտ Ձեր հանդեպ բռնություն էր կիրառվել, տեղի էր ունեցել ձերբակալություն, սակայն իրավապահ մարմինների հայտարարությունից կարճ ժամանակ անց, նա դատարանից ազատ արձակվեց։ Դա ևս թավիշի արդյունք է, թե դատավորի ստվերային գործունեության։ 

Ոչ այն, ոչ այն, տվյալ անձն ուղղակի չի կալանավորվել, դատարանը համարել է, որ հիմքեր չկան, սակայն շատ շուտով նա դատարանում պետք է պատասխան տա։ Գործն ընթացքի մեջ է, նա չի արդարացվել ու բաց թողնվել։ Ես ուղղակի ցավում եմ, որ կան մարդիկ, ովքեր դիմացինի հետ կարող են այդպես վերաբերվել, այնուամենայնիվ, առաջիկայում, երբ կհրավիրեն դատական նիստ, ամեն բան պարզ կդառնա։ Մի բան իմ համար հստակ է, այն, որ իրեն ներկայացնում են իբր 17 տարեկանից մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, ինձ համար խորթ է, հայրենասեր մարդն այնուհետև ինչպես կարող է հայ սպանել, դատապարտվել։