• Fri. Apr 23rd, 2021

Տիգրան Ավինյանը՝ համացանցում տարածված փաստաթղթի մասին

Byhttp://Mitk.am

Mar 3, 2021

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ համացանցում տարածվեց մի փաստաթուղթ՝ եռակողմ հայտարարություն, որտեղ սահմանվում էր հարաբերությունների կարգավորում, ինչը ներառում էր ՀՀ սահմանային հարցեր, ներառում էր Արցախի Հանրապետության տարածքների հետ կապված հարաբերություններ, զորքերի տեղաշարժ.

«Խոսում եմ այն փաստաթղթի մասին, որտեղ Կապան քաղաքը նաև թուրքերեն Կաֆան էր գրված՝ նշումով, որ հայերն անվան հետ առարկություն են ներկայացրել: Ուզում եմ իմանալ արդյոք այդպիսի փաստաթուղթ ստորագրվե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞վ է Կառավարությունից այն ստորագրել, և այդ փաստաթուղթը ստորագրվել է որպես ձեր կամքի արտահայտությո՞ւն, թե՞ կրկին սպառնալիքի ներքո»:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 19-ին ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղադրվում են ռուս սահմանապահ զորքեր.

«Դեկտեմբերի 19-ի հայտարարություն եմ ցիտում. Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկայնության հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով: Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքերը, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից: Այս պայմանավորվածությունը եղել է դեռևս 2020 թվականի դեկտեմբերին: Ուզում եմ հասկանալ՝ անընդհատ այս թեման քննարկելուց ի՞նչ նոր բան ենք հայտնաբերելու: Ավելին՝ բացահայտելու բան չկա, պարոն Սիմոնյան»:

Տարոն Սիմոնյանն էլ ընդգծեց՝ իր ոչ մի հարցի Ավինյանը չպատասխանեց. «Ինչո՞ւ եմ հարցնում, որովհետև այս փաստաթուղթը կարելի է կիրառել միայն ԱԺ-ի կողմից վավերացնելուց հետո: Եթե դա չի արվել, և դուք՝ որպես Կառավարություն, դա ինքնուրույն եք արել, դա նշանակում է Քրեական օրենսգրքով սահմանված իշխանության յուրացում է տեղի ունեցել, որովհետև մեր Սահմանադրությամբ նման փաստաթղթերն ուժի մեջ են մտնում բացառապես ԱԺ-ի վավերացումից հետո:

Եթե դուք ասեք, որ դա ստորագրել եք, ապա այնպիսի դրության մեջ եք դնում ապագա սերունդներին, որ այդ փաստաթուղթը ստորագրած անձին հետագայում պետք է դատապարտել որպես հանցագործի կամ պետք է հեռացնել որպես ոչ գործունակ գործչի, որպեսզի մենք իրավաբանորեն կարողանանք ձեր ստորագրած փաստաթղթի տակից դուրս գալ»:

Ավինյանն էլ շեշտեց՝ ո՛չ իրավաբանորեն, ո՛չ այլ կերպ կարիք չի լինելու որևէ բանի տակից դուրս գալ: