• Fri. Apr 23rd, 2021

100-ամյա պայմանագրի ժամկետի լրանալու շեմին Բայդենը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը

Երեկ ԱՄՆ 170 կոնգրեսականներ դիմել են Ջո Բայդենին` կոչ անելով  կոշտ վերաբերմունք ցույց տալ Թուրքիայի հանդեպ։ Փետրվարի 21-ին 100 կոնգրեսականներ դիմել են Բայդենին կոչ անելով կանգնել Հայաստանի և Արցախի կողքին, ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի։

Ի՞նչ կկատարվի, եթե ռուս-թուրքական 100-ամյա պայմանագրի ժամկետի լրանալու շեմին Բայդենը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբեր – նոյեմբեր ամիսներին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները, ինչպես նաև 50-ից 49 նահանգներ ճանաչել են Ցեղասպանությունը։

Հայոց ցեղասպանության ճանաչումը նշանակում է հաստատել, որ ներկայիս Թուրքիայի պետությունը ստեղծվել է հայերի հողի և արյան վրա, և կասկածի տակ դնել Թուրքիայի իրավազորությունը այդ տարածքներում։ Սա կարևոր է այն համատեքստում, որ  միակ փաստաթուղթը, որի հիման վրա գծվել է ներկայիս հայ-թուրքական սահմանը, ընդունվել է առանց Հայաստանի մասնակցության։

Հիշեցնենք, որ շուտով ավարտվում է 90-օրյա ժամկետը, որը Կոնգրեսի կողմից տրվել է ԱՄՆ Ազգային հետախուզությանը՝ պարզելու ԱՄՆ շահերը ղարաբաղյան հակամարտության գոտում։  Դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է օրինագիծ, որը ներառում է նաև ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերաբերյալ դրույթ։ Փաստաթղթի 6․15 կետում, որը կոչվում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության գնահատական», ասվում է, որ օրինագծի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 90 օրից ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը պարտավոր է  գրավոր գնահատական ներկայացնել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների Պալատի հետախուզության հանձնաժողով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության և Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Պետք է գնահատական տրվի ԱՄՆ կողմից Ադրբեջանին և Հայաստանին տրամադրված ռազմական օգնության ազդեցության , ինչպես նաև տարածաշրջանում ուժերի հավասարակշռության և հետագայում ուժի կիրառման հավանականության վերաբերյալ։

Թուրքիայի ընդլայմանը դեմ են նաև Մերձավոր Արևելքում։ Իրանը պատասխան է պահանջել Թուրքիայի ԱԳ նախարարից Իրաքի հյուսիսում ձեռնարկած գործողությունների կապակցությամբ։ Սիրիայի և Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ Թուրքիայի ներկայությունն իրենց երկրներում անօրինական է։

Այս գործընթացներում Հայաստանի քայլերն անտեսանելի են, ինչը վկայում է ռուս-թուրքական դաշինքին հայկական քաղաքական դասի գերակշիռ մասի «ենթամանդատային» լինելու մասին։ Հայաստանը չի մասնակցել Աթենքում տեղի ունեցած Բարեկամության ֆորումին, որի շրջանակներում միացել են Կիպրոսը, Եգիպտոսը, Ֆրանսիան, Հունաստանը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, որը  Թուրքիան անվանել է հակաթուրքական ֆորմատ։

Օրերս Հայաստանը Գլխավոր հյուպատոսություն է բացել Իրաքի Քրդստանում։ Հայաստանի ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանը, ով աշխատանքային այցով գտվնում էր Իրաքում, հանդիպումներ է ունեցել Իրաքի Քրդստանի մի շարք բարձաստիճան պաշտոնյաների հետ։