Կառավարության շենքում քիչ առաջ ավարտվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ ՀՀ վարչապետի հանդիպումը: Մարուքյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ քննարկել են ԶՈՒ գլխավոր շտաբի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ ֆոնի վրա արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը:
Ըստ Մարուքյանի՝ ինքը ներկայացրել է իր այն դիրքորոշումը, որ պետք է զինված ուժերին հանգիստ թողնել, գնալ ընտրությունների, այնուհետեւ կախված ընտրությունների արդյունքներից՝ այդ հարցը կորոշվի:
«Մեկը ես՝ չեմ պատկերացնում առանց ԳՇ խնդիրը լուծելու արտահերթ ընտրություններ, բայց ուզում եմ օր առաջ արտահերթ ընտրություն լինի: Դրա համար առաջարկում ենք՝ եկեք կոնսենսուսի գանք, դադար տանք, թողնենք էս մասը ընտրություններից հետո»,- մանրամասնեց Մարուքյանը:
Ըստ նրա՝ վարչապետն, ի տարբերություն իրեն, երկու խնդիրն իրար չի կապում:
Մարուքյանի փոխանցմամբ՝ ԲՀԿ-ի դիրքորոշման պարզ լինելուց հետո կարող է հուշագիր ստորագրվել՝ վարչապետի հրաժարականի դեպքում նոր թեկնածու չառաջադրելու մասին:
«Որովհետեւ խորհրդարանը չենք կարող ցրել միայն մի ուժի դիրքորոշումով: Եթե օրինակ ես հրաժարվում եմ վարչապետի թափուր պաշտոնի դեպքում առաջադրվելուց, բայց ԲՀԿ-ն չի հրաժարվում, էդ քննարկումը անիմաստ է դառնում: Հետեւաբար կոնսենսուս պետք է լինի»,- ասաց Մարուքյանը:
Թե երբ է նախատեսված ԲՀԿ առաջնորդի հետ վարչապետի հանդիպումը, կամ արդյոք նախատեսված է՝ ԼՀԿ ղեկավարը տեղյակ չէր: Համենայնդեպս, ըստ նրա, ԲՀԿ-ի հետ հանդիպումից հետո կլինի նոր հանդիպում՝ արդեն ավելի հստակ օրակարգով:
Նա ասաց նաեւ, որ ինքը հաշվարկել է՝ եթե վարչապետը մարտի 8-ին հրաժարական տա՝ ապրիլի 25-ին կամ մայիսի 2-ին կլինի արտահերթ ընտրություն: