• Thu. Apr 22nd, 2021

Ամեն բան պետք է անել, որպեսզի արդարադատությունը ապրանքից վերածվի արժեքի

Byhttp://Mitk.am

Mar 4, 2021 ,

Ազգային ժողովում այսօր շարունակվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը: Թեկնածուները երկուսն են՝ Արսեն Մկրտչյանը և Արմեն Հայկյանցը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասրայանն իր ելույթում ընդգծեց, որ բոլորի երազանքն է ունենալ այնպիսի դատարան, երբ բոլորը կհարգեն դատավորներին, և այդ հարգանքը կլինի փոխադարձ. «Բայց, ցավոք սրտի, իրականությունն այդպիսին չէ»:

Անդրադառնալով կրկին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությանը՝ Բաղդասարյանը նշեց. «Վարդազարյանը երեկվա նիստի ժամանակ արել է երկու տարբեր հայտարարություններ, պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան՝ նշել է, որ իր՝ նախկինում արված կոչն ինքն արել է ոչ որպես ԲԴԽ նախագահ, իսկ ահա Բաղդասարյանի հարցին ի պատասխան՝ հաստատել, որ հայտարարությունն արվել է որպես ԲԴԽ նախագահի: Ամեն րոպե ինքն իր միտք փոխում է, իսկ հարցադրումների վերջում ասում՝ չեմ պատասխանելու կամ արդեն պատասխանել եմ: Կարո՞ղ ենք մենք հարգել այդպիսի դատավորին: Այո, պարոն Վարդազարյանը շատ լավ գիտակցել է, որ ինքն այդ փաստաթուղթը ստորագրել է՝ որպես ԲԴԽ նախագահ, ցանկացել է, որ բոլորն ընկալեն՝ այդ հայտարարությունը ԲԴԽ-ի անունից է:

Նա գիտակցել է, որ պետք է խորհուրդ գումարեր, գիտակացել է, որ ԲԴԽ նախագահը նման լիազորություն չունի, նա այստեղ խուսանավել է հարցերին պատասխանելուց, նա գցել է դատավորների պատիվը և շատ լավ գիտակցում է, որ իրեն այդ պաշտոնից կարող են զրկել, եթե ԲԴԽ անդամներից 7-ը կողմ քվեարկեն: Նա գիտակցում է, որ իրեն, ներառյալ՝ 4 հոգի, իրեն դեմ չեն քվեարկի: Դատավորների հարգանքի ճանապարհն առաջին հերթին պետք է դատավորները ցույց տան, և առաջինը դա պետք է անի պարոն Վարդազարյանը»:

Նոյեմբերի 15-ին ԲԴԽ-ն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր. «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը՝ մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:

Բաղդասարյանը հաստատեց Արսեն Մկրտչյանի խոսքերը՝ ամեն բան պետք է անել, որպեսզի արդարադատությունը ապրանքից վերածվի արժեքի. «Ցավոք, հեղափոխությունից հետո արդարադատությունը հանվել էր վաճառքի, և որոշ դատավորների նկատմամբ պատասխանատվությունը բացակայում էր»:

Նիկոլայ Բաղդասարյանը հավելեց՝ ցանկանում է վերադառնալ փաստաբանական աշխատանքին. «Բայց ցանկանում եմ վերադառնալ այն դատական համակարգում, որտեղ մտնելով դատարանի դահլիճ՝ ես համոզված կլինեմ, որ դատարանն անաչառ է»:

«Իմ քայլ»-ի պատգամավորն ընդգծեց՝ ընտրությունը երկու թեկնածուների միջև բարդ է լինելու. «Պարոն Հայկյանցի հետ այստեղ եմ ծանոթացել, «սիմպատիաս» շատ է բռնել, Մկրտչյանի հետ էլ երկար տարիների աշխատելու փորձ ունեմ, ես երաշխավորում եմ՝ որպես լավ իրավաբանի ու գիտակի: Ցավոք, պետք է երկուսից մեկին ընտրել»,- եզրափակեց Բաղդասարյանը: