• Thu. Apr 22nd, 2021

Թեժ քննարկումներից հետո օրենքով գողեր են կապվել ինձ հետ ու սպառնացել

Երեկ Վճռաբեկ դատարանի դատավորի երկու թեկնածուները՝ Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը ԱԺ ամբիոնից ելույթ ունեցան: Պատգամավորները երեկ հարցեր ուղղեցին Արմեն Հայկյանցին, իսկ այսօր հարցեր են ուղղում Արսեն Մկրտչյանին:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցը, սակայն, ուղղված էր ոչ թե Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուին, այլ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Նա հետաքրքրվում էր, թե ինչու՞ այսօր Ազգային ժողովում չէ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը: «Քանի որ ընթացակարգը ամբողջությամբ չի ավարտվել և չի ամբողջացել, ես խնդրում եմ պարզաբանեք: Եվ նաև ուզում եմ տեղեկացնել, որ երեկվա և նախորդ օրվա թեժ քննարկումներից հետո օրենքով գողեր են կապվել ինձ՝ սպառնալից հայտարարություններով: Իհարկե, հասկանալի է, թե ովքեր են այսօր հովանավորվում դատական համակարգի կողմից,  այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի: Զգուշացնում եմ, սատանի մայլեն քյանդրբազություն չանեք, դուք իմ վախը վաղուց բռնել եք, ես, երեք ու կես տարի անազատության մեջ գտնվելով, օրենքով գողերի հետ էլ եմ նստել, քրեական հեղինակությունների հետ էլ եմ առնչվել, այնպես որ, վեր ընգեք տեղներդ ձեր գործերով զբաղվեք, կգանք ձեր հետևից»,-ասաց Բաբաջանյանը:

Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ թեկնածուներին ներկայացնող Ռուբեն Վարդազարյանը նեղ ընթացակարգային առումով այլևս անելիք չունի, և կարող է բացակայել: «Անշուշտ, մեր պրակտիկայում և կարծում եմ մինչև մեզ եղած պրակտիկայում այնպես է եղել, որ հարցը ներկայացնողը գուցե էթիկական տեսանկյունից մինչև վերջ ներկա է եղել Ազգային ժողովի նիստերի դահլիճում, սակայն կրկնում եմ, գործառութային, ընթացակարգային առումով պարոն Վարդազարյանը որևէ անելիք չուներ։

Արձագանքելով Բաբաջանյանի՝ սպառնալիքների վերաբերյալ հայտարարությանը, Միրզոյանը նշեց. «Կարծեմ, եթե սպառնալիքի տարրեր են պարունակում, դա հաղորդում է հանցագործության մասին: Հրապարակավ հայտարարել եք, կարող եք նաև հետամուտ լինել»:

Հիշեցնենք, որ երեկ՝ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ընթացքում անկախ պատգամվոր Արման Բաբաջանյանը, անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նոյեմբերի 15-ի հայտարարությանը, նշել էր. «Պարոն Վարդազարյան, դուք ուղղակի չգիտեք՝ ինչ ղալաթ եք բերել ձեր գլխին նոյեմբերի 15-ի հայտարարությամբ: Մեկ էլ ասեմ, որ եկել եք սատանի մայլեն քայնդրբազություն եք անում, ձեր բոլոր տեսակի պաշտպանողական հայտարարությունները կոպեկի արժեք չունեն»:

Այնուհետև, մինչև Վարդազարյանին հարց ուղղելը՝ Բաբաջանյանը դիմեց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին:  «Այս արհավիրքը դուք եք բերել Բարձագույն դատական խորհուրդ, ձեր իշխանության օրոք է նշանակվել, Վանեցյանի առաջադրմամբ, բոլորն էլ շատ լավ գիտեն: Այս մարդու ոչ թե վաստակն է դատական համակարգում գործել, այլ ինքը Սերժ Սարգսյանի ժամանակ վնգստացող դատավոր է եղել, անհասկանալի պատճառով Վանեցյանի առաջադրմամբ, այդ պատուհասը դատական համակարգի գլխին եք  բերել»:

Վարդազարյանն էլ, մեջբերելով օրենքներից և դատավորների էթիկայի կանոններից դրույթներ, ասաց, որ դրանք իրեն զսպում են համարժեք բառապաշարով պատասխանելու համար: Վարդազարյանը նաև ասաց, որ իր անձի նկատմամբ վիրավորական արտահայտություններն ունենալու են հետևանք՝ դիմելու է ԱԺ-ի խորհրդին կամ Էթիկայի հանձնաժողովին, որ Բաբաջանյանին ենթարկեն կարգապահական պատասխանատվության՝ օգտագործած բառապաշարի համար: