• Fri. Apr 23rd, 2021

Թմրանյութերի բացահայտումն ավելացնում է Հայաստանի վարկն աշխարհում

Մարտի 3-ին ՊԵԿ-ը տեղեկություն տարածեց Հայաստանում մաքսանենգության աննախադեպ բացահայտման մասին: Ըստ տեղեկության՝ բացահայտվել է Իրանից Հայաստանի տարածք բերված և տարանցվող ավելի քան 345 կգ հերոինի խմբաքանակ, որը եղել է մաքսային պահեստներից մեկում:

Ըստ տարածված տեղեկության՝ խոսքը մոտ 45 միլիոն դոլար արժեք ունեցող թմրանյութի մասշտաբի մասին է, ինչը համարվում է անգամ ռեգիոնալ մասշտաբով աննախադեպ: Այն, որ Հայաստանը ևս համարվում է թմրամիջոցի տարանցման ուղիներից մեկը, ինչպես, ի դեպ, Կովկասի բոլոր երեք երկրները, բոլորովին նորություն չէ և անգամ նորություն չէ, որ Հայաստանում տեղի են ունենում այս առնչությամբ խոշոր խմբաքանակի բացահայտումներ:

Հատկանշական է, որ հերթական բացահայտումը տեղի է ունենում ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի հրապարակման ֆոնին, որում նշվում է, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը առաջընթաց է արձանագրել թմրամիջոցների տարանցման և փողերի լվացման դեմ պայքարում: Իրականացվել է այդ աննախադեպ մասշտաբի տարանցումը Հայաստանից որևէ ազդեցիկ շրջանակի երաշխավորությամբ կամ առնվազն «հույսով», թե՞ տարանցումը իրականացվել է «կուրորեն»:

Հազիվ թե այդպիսի աննախադեպ մասշտաբի փորձը կատարվեր այդ տրամաբանությամբ, այսինքն՝ անցավ-անցավ, ոչ՝ ուրեմն ոչ: Ավելին, խիստ հատկանշական է գուցե այն, որ փորձը կատարվում է Հայաստանի համար ներքաղաքական պայքարի թեժ շրջանում: Բացառված չէ, որ այդ իրավիճակը եղել է անմիջական հաշվարկի հիմքում, նաև ակնկալիքով, որ պետական կառույցները, իրավապահ համակարգը հիմնականում զբաղված են այսպես ասած կայունությունն ու անվտանգությունը պաշտպանելով, զբաղված են թեժ քաղաքական մթնոլորտի կառավարելիությունն ապահովելով և ռեսուրսներ չեն կենտրոնացնի այլևայլ ուղղություններով գերզգոն աշխատանքի համար:
Ավելին, պետք չէ բացառել, որ այդ ընթացքում նույնիսկ ներքաղաքական մթնոլորտում, օգտվելով առիթից, խթանվել են այսպես ասած ուշադրություն շեղող զարգացումներ՝ հնարավոր հայտարարությունների և այլնի խրախուսման տեսքով: Այդ ամենը, անշուշտ, ենթադրություն է, սակայն պարզ է մի բան՝ որ թմրանյութի խոշոր մաքսանենգները «խաղադրույք» կատարել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա:
Ահա այդ համատեքստում նաև խիստ հատկանշական է մեկ այլ տեղեկություն, որը ևս հնարավոր է համարել՝ գուցե ոչ արտառոց, բայց նաև ոչ սովորական: Վերջին թեժ օրերի ընթացքում, ըստ էության, առաջին անգամ ոստիկանությունը տեղեկություն էր տարածել, որ ստացել է Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքին հնարավոր սադրանքի մասին տեղեկություն: Դրան հաջորդել էր այն, որ ոստիկանությունը դրսևորեց իր ուժային նախապատրաստության նկատելիորեն ընդգծված և կանխարգելիչ ակտ: