• Fri. Apr 23rd, 2021

Ինչպես է հայկական օդանավը հայտնվել Իրանում, և արդյո՞ք Հայաստանը կհայտնվի պատժամիջոցների տակ

«Ամենայն հավանականությամբ ավանտյուրա է եղել»,- ասաց քաղավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը՝ անդրադառնալով 10 օր առաջ կասկածելի ճանապարհով Իրանում հայտնված ամերիկյան արտադրության հայկական օդանավի անհետացման հարցին։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին հայտնի դարձավ, որ «Ֆլայ Արմենիա» ավիաուղիների հայկական Boeing 33-737R մարդատար ինքնաթիռը ՝ հայկական EK-FAA հաշվառման նշանով, Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի օդանավակայանից Արաբական Միացյալ Էմիրություններ էր թռչում, սակայն անհասկանալի պատճառներով հայտնվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում: Թե ինչպես էր դա տեղի ունեցել, ոչ ոքի համար դեռ պարզ չէ։ Լրատվամիջոցները առայժմ գրում են միայն օդանավի առևանգման վարկածի մասին։

Պաշտոնական տեղեկությունները կցկտուր են։ Քաղավիացիայի կոմիտեն հայտնել է միայն, որ օդանավում քաղաքացիներ չեն եղել, մնացած մասով քննություն է գնում։

Շահեն Պետրոսյանի խոսքերով՝ «Ֆլայ Արմենիա» ընկերությունը գրանցողները վատ համբավ ունեցողներ են, նրանք հիմնականում տարբեր երկրներում «գցողի» համբավ ունեն։ Ավիաընկերություն են գրանցում, վարկ են վերցնում և հետո «թռնում են»։ Մեր զրուցակցի խոսքերով՝ հավանաբար, հիմա էլ նման մի բան է տեղի ունեցել. գրանցել են ավիաընկերությունը, մերոնք էլ ուրախացել են, թե հայկական ավիաընկերություն է ստեղծվում, և արդյունքում նման սկանդալ է հասունանում։ «Ես կարող եմ կատարվածի քաղաքական գնահատականը տալ, ոչ թե մասնագիտական։

Իսկ քաղաքական գնահատականն այն է, որ Իրանը արևմտյան արտադրողների պատժամիջոցների տակ է գտնվում, նորմալ վիճակում գտնվող օդանավ չունի, օդանավեր ունի, որոնց պահեստամասերը այնքան են հնացել, իսկ նորերը ձեռք բերել չի կարողանում և, թերևս, նման սպեկուլյատիվ գործարքների միջոցով է փորձ արվում դա անել։ Իսկ սպեկուլյանտներ միշտ էլ կհայտնվեն, որ, իմանալով այդ ամենի մասին՝ կգնան դրան։ Իսկ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որն իր գործով չի զբաղվում, կարող է ցանկացած ավանտյուրիստի ընդունել ու գովաբանել։

Խնդիրը սա է։ Իմ կարծիքով՝ «Ֆլայ Արմենիան» սպեկուլյատիվ ընկերություն է, որը ստեղծվել է մի բանի համար, որ Հայաստանի միջոցով այդ Boeing օդանավերը հայտնվեն Իրանում»,-ասաց Պետրոսյանը։

Քաղավիացիայի կոմիտեի նախկին ղեկավարի խոսքերով՝ այստեղ կոմիտեի դերակատարությունը շատ-շատ մեծ է։ Նախապես որևէ ընկերություն գրանցելիս անպայման պետք է երկար ուսումնասիրել, թե ովքեր են ընկերություն գրանցողները, պարզեն, թե նրանք ինչ առնչություն ունեն ավիացիայի հետ, ինչի համար են ուզում օդանավեր ձեռք բերել և այլն։ Այլապես, նման սպեկուլյատիվ մարդիկ գալիս են ու ընկերություն են գրանցում, ու լինում են նման սկանդալներ, որոնք շատ վատ են անդրադառնում Հայաստանի վարկի վրա. «Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, երբ պարզվեց, թե Հայաստանում գրանցված օդանավերը, որոնք գործում էին Հայաստանից դուրս, ինչ գործունեությամբ էին զբաղվում։ Հիմա էլ սա նոր ձև է՝ զբաղվել սպեկուլյացիայով՝ վերցնել մի հին օդանավ, տանել Իրան, հետո իրանցից վերցնել ու այդ գործարքից ունենալ ատկատներ։ Իմ կարծիքով՝ մեխանիզմը շատ պարզ է։ Հենց այդպես էլ եղել է»,- ասաց Պետրոսյանը։

Մեր հարցին՝ հնարավո՞ր է այս սկանդալի պատճառով Հայաստանը ևս հայտնվի սանկցիաների տակ, Պետրոսյանը դժվարացավ ասել, բայց չբացառեց, քանի որ ԱՄՆ դեսպանատունը արդեն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հետևում են օդանավի հետ կապված զարգացումներին։

«Չեմ բացառում, որ կարող են սանկցիաներ լինել, բայց ուղղակի դա չէի ցանկանա»,- եզրափակեց Շահեն Պետրոսյանը։

Իրանում, իրանական մամուլում այս թեման չի քննարկվում, որևէ հրապարակում գտնել գրեթե անհնար է թերևս այն պատճառով, որ հարցը շատ խնդրահարույց է։ Միայն իրանական ընդդիմադիր մի պարբերական է անդրադարձել այս թեմային, որտեղ ևս խոսվում է հենց սպեկուլյացիայի մասին։